Չինաստանի առաջնության խաղում ֆուտբոլիստը հայտնվել է մահվան շեմին, շտապօգնության աշխատակիցները թերացել են

14:16   14 օգոստոսի, 2018

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Չանչուն Յատայի» ու «Գուանչժոուի» միջեւ ֆուտբոլի Չինաստանի առաջնության խաղում:

«Չանչուն Յատայի» կիսապաշտպան Շոուտինգ Վենգի լեզուն կուլ է գնացել հանդիպման ժամանակ: 2 թիմերի ֆուտբոլիստներն ու բուժաշխատակիցները օգնության են հասել ֆուտբոլիստին, սակայն նրան ուշացումով են տեղափոխել շտապօգնության մեքենան: Առաջացել են մեքենայի դուռը բացելու հետ կապված խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվել է մի քանի րոպե: Շոուտինգ Վենգին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառվում:

Տեղի ունեցածը մեծ աղմուկ է բարձրացրել Չինաստանում:

«Գուանչժոուի» գլխավոր մարզիչ, Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն եւս մեկնաբանել է տեղի ունեցածը:

«Արտակարգ իրավիճակներում չի կարելի սպասել մի քանի րոպե: Շտապօգնությունը միշտ պետք է աշխատի սպասողական ռեժիմով: Դռան հետ կապված միջադեպը անընդնունելի է, եւ կա հետաքննություն անցկացնելու կարիք»,- ասել է Կանավարոն, փոխանցում է Channel News Asia-ն:

Չինական The Information Times թերթի հերթական համարը հաջորդ օրը լույս է տեսել հետեւյալ վերնագրով. «Չինական ֆուտբոլը դեռ շատ հեռու է պրոֆեսիոնալից: Երբ կյանքի ու մահվան խնդիր է, շտապօգնության մեքենայի դուռը չի բացվում»:

Այդ խաղում «Չանչուն Յատան» հաղթել է 3:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։