Ադրբեջանցիները շատ ծանր են տանում հայերից կրած պարտությունները. ԵԱ–ի ամփոփում

15:14   7 օգոստոսի, 2018

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ու հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել են Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքները: Հիշեցնենք, որ երիտասարդ հունահռոմեականները 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում՝ թիմային հաշվարկում գրավելով 3-րդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Արայիկ Բաղդադյան. ՀԸՖ գլխավոր քարտուղար

Արդյունքներից շատ գոհ ենք: Սա ոչ թե լավ էր, այլ գերազանց: Բոլորն էլ մեր սպասելիքներն արդարացրեցին: 4 չեմպիոն Եվրոպայի առաջնությունից, հրաշալի  է: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Ազատ ոճի արդյունքն էլ թիմային աշխատանքի արդյունք է: Այս երեխաներից 2-3 տարի սպասում էինք արդյունք: Ու սա բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ եղավ: Այս առաջնությունում միակ ձախողումը Մալխաս Ամոյանինն էր: Նրանից էլ մեդալի ակնկալիք ունեինք, բայց վստահ ենք, որ դեռ Մալխասն իրեն ցույց կտա: 

Դեռ վաղ է կանխատեսել,  թե այս մարզիկներից ովքեր կարող են լինել Տոկիո-2020–ի օլիմպիական հավաքականում: Բայց, վստահ, կլինեն մի քանիսը, որոնք կհամալրեն մեր օլիմպիական հավաքականը: Քաշային կարգերի խնդիր ունենք, օրինակ՝ 61 կգ քաշային կարգում ազատ ոճում ըմբիշ ունեցանք, բայց 61-ը օլիմպիական քաշ չէ: Դեռ 2 տարի ժամանակ ունենք:

Համացանցում մեծ տարածում գտավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանին պարտված ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի պահվածքը պարգեւատրման արարողության ժամանակ: Ադրբեջանցի մարզիկը շատ ծանր տարավ, դա նկատեցին բոլորը: Մեզ համար նման խնդիր չկա, ադրբեջանցիները մեզ համար մրցակից են գորգի վրա:

Մրցավարությունն այս առաջնությունում իդեալական էր: Վիճահարույց էր միայն Մալխաս Ամոյանի գոտեմարտը, բայց չենք կարող այս մի դեպքով ասել, թե անարդար էր:

Ազատ ոճում նախորդ անգամ Եվրոպայի չեմպիոնը ունեցել էինք 2004 թվականին: 14 տարի չեմպիոն չէինք ունեցել: Բոլորը մոտենում էին մեզ ասում՝ այս ինչ տղաներ ունեք, այս ինչ լավ սերունդ է: Այսօրվանից Գերմանիայի, Լեհաստանի հավաքականները ծրագրում են գալ Ծաղկաձոր ուսումնամարզական հավաքի: Արդեն մեր այս թիմերի հետ ուզում են աշխատել, համագործակցել:

Ռոբերտ Խաչատրյան. ՀԸՖ նախագահ

Մեր լավ մասնակցությունը ընդհանուր աշխատանքի արդյունք է: Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ հանդիպեցինք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նա ասաց որ մեզանից բարձր արդյունքն է սպասում: Մենք խոստացանք եւ արեցինք: Շնորհավորում եմ բոլորիս: Մասնավորապես, ուրախացրեց ազատ ոճի հավաքականը: Տեւական ժամանակ մեզ չէր հաջողվում ազատ ոճում լավ արդյունքներ գրանցել, չեմպիոններ ունենալ:

Ինչ վերաբերում է ադրբեջանցու պահվածքին, մենք դուխով, հաղթանակած երկիր ենք, ադրբեջանցիների պահվածքը միշտ այդպիսին է եղել: Եթե նկատել եք մեր ըմբիշը մոտենում է ադրբեջանցուն, մարդասիրական իր վերաբերմունքը ցույց տալիս, բայց իրենք միշտ իրենց հեռու են պահում:

Ինձ թվում է այս թիմից կլինեն մարզիկներ, ովքեր իրենց կարդարացնեն Օլիմպիական խաղերում:

Արմեն Բաբալարյան. հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ.

Հունահռոմեականները փայլուն ելույթներ ունեցան: Մենք անցկացրել ենք ուսումնամարզական հավաքներ եւ այդտեղից էլ որոշվեց թիմի կազմը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ մեծ սպասելիքներն ենք ունենում, կրկնակի պահանջներ տղաներից: Բոլորից գոհ եմ, կարող էինք ավելի շատ չեմպիոններ ունենալ, բայց այս անգամ բավարարվեցինք մեկ ոսկե մեդալով: Մալխաս Ամոյանից ավելի շատ էինք սպասում, բայց հույսներս չենք կտրում: Նրա դեպքում մրցավարական խնդիր կար, սխալ դատեցին, մրցավարները նույնիսկ ընդունեցին իրենց սխալը, բայց արդեն ուշ էր:

Առջեւում աշխարհի առաջնությունն է, անելու ենք ամեն ինչ, որ կրկին բարձր արդյունքներով վերադառնանք: Ըմբշամարտում չենք կարող ասել, որտեղ ինչ կարող է լինել: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ կրկին շատ մեդալներով  վերադառնանք:

Աշխարհի առաջնության կազմը կմնա նույնը, գուցե մեկ քաշային կարգում փոփոխություն լինի, բայց այս կազմով կմեկնենք աշխարհի առաջնության:

Արմեն Մալխասյան. ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկրորդ մարզիչ.

Սա աննախադեպ արդյունքն էր ազատ ոճայիննեի համար: Սպասում էինք մեդալներ, բայց ոսկին իսկապես անակնկալ էր: Չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Հովհաննես Մաղաքյանը եւս մեկ անգամ ապացուցեցին իրենց բարձր կարգը:

Հիշեցնենք նաեւ, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով 2-րդ տեղը: Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։