Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է կարիերան եւ տեւական դադարից հետո մասնակցել մրցաշարի: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Դավիթ Սաֆարյանը, որը օգոստոսի 1-ին նշեց ծննդյան 29-րդ տարեդարձը:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո դու դադար վերցրեցիր, իսկ ավելի ուշ նշեցիր, որ ամեն պահի կարող ես վերադառնալ մեծ սպորտ: Կարելի՞ է քեզ շնորհավորել վերադառնալու առթիվ:
Երեւի, այո: Ես արդեն կատարել եմ առաջին մեկնարկը՝ հուլիսի սկզբնամասում հանդես գալով Թբիլիսիի մրցաշարում: Ցանկանում եմ եւս մի քանի մրցաշար անցկացնել մինչեւ աշխարհի առաջնությունը:
Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիր վերադառնալ, ո՞րն էր պատճառը:
Ես գիտեի, որ ամեն դեպքում սկսելու եմ: Պարզապես հիմա եկավ այն պահը, երբ առաջացավ ցանկություն, բացի այդ, արդեն ժամանակն է: Արդեն մեծ ընդմիջում եմ վերցրել մրցաշարերում:
Ե՞րբ ես սկսե՞լ մարզումները: Որտե՞ղ ես մարզվում եւ ի՞նչ մրցաշարերի ես մտադիր մասնակցել:
Ես երբեք չեմ դադարեցրել մարզումները: Միշտ ձգտել եմ եւ, ինչպես արդեն ասացի, առաջին մրցաշարը Թբիլիսիում էր, որտեղ պարտվեցի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ո՞ր քաշային կարգում ես հանդես գալու:
Հավանաբար, այս տարի հանդես կգամ 70 կգ քաշային կարգում, սակայն հետո ծրագրում եմ իջնել 65 կգ, որտեղ ավելի լավ եմ զգում ինձ: Հաջորդ տարին ընտրական է Օլիմպիական խաղերի համար, այնպես որ հանդես կգամ 65 կգ քաշային կարգում:
Ե՞րբ է սպասվում քո վերադարձն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական:
Ես արդեն 2 հավաք եմ անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Այս պահին հավաքի եմ մասնակցում Դաղստանի թիմի հետ:
Աստղիկ Ադամյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։