ՀՖՖ-ի կոչը «Շիրակին». Նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի վրա

16:45   18 հուլիսի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է Գյումրի «Շիրակի» հայտարարությանը, որը արվել էր հուլիսի 16-ին:

«Հուլիսի 17-ին ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը (կցվում է): Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակի» երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր և բոլորովին էլ չէր բխում «Շիրակ» ակումբի ղեկավարների շահերից, ինչն էլ ապացուցվեց վերջիններիս հապշտապ հայտարարությամբ, որ ճիշտ է, ՀՖՖ-ն թույլատրեց, բայց մենք դա չէինք պլանավորել  ու ........ հա .... հիմա կրկին պնդում ենք այն՝ ինչ ասել էինք մինչև ՀՖՖ-ին դիմելը. այսինքն չենք մասնակցի, մինչև ՀՖՖ վերջին «պահակն ու վարորդը» չհեռանան: Շատ ծիծաղելի կլիներ այս ամենն, իհարկե, եթե  «մանկապարտեզի երեխաները խաղային այս խաղը»:

Ո՞վ չէր հասկանում, որ «Շիրակի» ղեկավարին այլևս ձեռնատու չէր ֆուտբոլում գումարներ ծախսելը, կամ, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու նպատակը Չեմպիոնների լիգայից հնարավորինս շատ գումարներ ետ բերելն էր: Բոլոր այս և այն ամենի մասին, ինչ արվում է «Շիրակի» կողմից առ այսօր՝ դեռևս կանխատեսվել և բարձրաձայնվել էր առաջին իսկ օրերին:

Հետևաբար անկախ ամեն ինչից՝ մեկ անգամ ևս կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի, նրա մասնակիցների ու շահառուների, և այս ամենի՝ ակամայից ականատես ու վկա դարձած հանրության վրա»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

«Շիրակի» հայտարարությունը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։