«Ռեալը» հայտարարեց Ռոնալդուի հեռանալու մասին

19:47   10 հուլիսի, 2018

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին։ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։

«Ռոնալդուի խնդրանքին ի պատասխան՝ ակումբը համաձայնել է նրա տեղափոխությանը։ 

Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ռոնալդուին, որը դարձավ լավագույնն աշխարհում եւ ակումբի ու համաշխարհային ֆուտբոլի ամենավառ երեւույթը։ Ռոնալդուն 9 տարում դարձավ ինքազոհության, աշխատասիրության, պատասխանատվության, տաղանդի եւ առաջընթացի օրինակ։

«Ռեալում» նա չորս անգամ արժանացավ «Ոսկե գնդակի», երեք անգամ՝ «Ոսկե խաղակոշիկի»։

Մեր ակումբը միշտ կլինի քո տունը»,- նշվում է «Ռեալի» պաշտոնական հայտարարությունում։

Ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբը 33-ամյա Ռոնալդուի տրանսֆերից կստանա 105 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 94 միլիոն եվրոյով։

9 տարում Ռոնալդուն դարձավ Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։ Նա «Ռեալի» հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի չորս գավաթ՝ երեքն անընդմեջ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.