ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը մեկ ամսով դադարեցրեց պաշտոնավարումը (ֆոտո)

12:13   5 հուլիսի, 2018

Ես մեկ ամսով դադարեցնում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իմ աշխատանքը, մինչեւ ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ: Քանի որ այսօր համաժողովին որեւէ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել այսօր չենք իրականացնի ֆեդերացիայի նախագահի ընտրություն:

Այս մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովում հայտարարեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Կայացավ ՀԲՖ-ի հերթական համաժողովը, որի օրակարգում էր ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները: Նիստին ներկա էր ֆեդերացիայի գործկոմը՝ ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, հավաքականների մարզիչները, անդամներն ու աշխատակիցները:

Նիստը վարում էր ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Նախագահի առաջարկով օրակարգի գլխավոր հարցը՝ նոր նախագահի ընտրությունը հետաձգվեց, քանի գործող նախագահից բացի որեւէ մեկն իր թեկնածությունը չէր առաջադրել:

«Ես հայտարարություն տարածեցի, որ տեղի է ունենալու համաժողով, որին ովքեր ցանկանում են իրենց դրսեւորել որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, առաջադրեին իրենց թեկնածությունը: Ցավոք, չունենք թեկնածու: Ես շատ էի ուզում, որ մենք ունենանք եւս մի քանի թեկնածուներ, ովքեր կներկայացնեին իրենց առաջարակները եւ ավելի մասնագիտական մոտեցում կցուցաբերեին: Առաջարկում եմ, հաշվի առնելով այն փաստը, որ չունենք այլ թեկնածու, ինձնից՝ գործող թեկնածուից բացի, ֆեդերացիայի նախագահի ընտրությունը հետաձգել եւս մեկ ամսով: Ակնկալում եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում դահլիճից դուրս հնչող հայտարարություններ՝ ֆինանսական միջոցների ներգրավման մասով անողները, խնդրում եմ այդ մարդկանց, ովքեր նման առաջարկներ են անում, գալ հստակ ծրագրով մասնակցել մեր համաժողովին, փաստացի ծրագիրը դնեն սեղանին, ներակայացնեն, թե որքան գումար են ներդնելու մարզաձեւի զարգացման մեջ եւ տեղի ունենա իրական ընտրություն: Մենք ոչ մի տեղ չենք շտապում եւ մեկ ամիս ժամանակ ենք տրամադրում այդ մարդկանց ինքնաառաջադրվել»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Համաժողովի ընթացքում ՀԲՖ նախագահն անդրադարձավ օրերս  «Օլիմպավանում» կայացած մարզիչների հավաքին, որտեղ ըստ նրա քնադատվել է իր գլխավորած ֆեդերացիայի աշխատանքը: Ի դեպ, այդ հավաքին ներկա է եղել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարել է, թե բռնցքամարտի ֆեդերացիան կգլխավորի նա, ով ֆինանս կներդնի:

«Ով ունի այդ գումարները, ով ունի գումարներից բացի համապատասխան ծրագիր, թող գա գլխավորի ֆեդերացիան: Ասում են՝ 300 հազար դոլարն ինչ գումար է, այսօր Հայաստանում դա մեծ գումար է: Եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդ գումարը, թող ներդնեն հայկական բռնցքամարտում»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Նիստի ընթացքում Արթուր Գեւորգյանը ֆեդերացիայի անդամներին պատասխանեց ֆեդերացիայի աշխատանքի նկատամամբ նախորդ մարզիչների հավաքում հնչած քննադատություններին, Դավիթ Թորոսյանի դեմ բողոքող մարզիչների կարծիքներին: Արթուր Գեւորգյանը չի ընդունում ֆեդերացիայի անդամների եւ մարզիչների քնաադատությունները Դավիթ Թորոսյանի մասին:

 «Դավիթ Թորոսյանը բնավորությունը լավը չէ: Նրա հետ բարդ է շփվելը: Նա բարձր ինտելեկտով անձնավորություն է: Իսկ նման մարդկանց հետ միշտ բարդ է: Բայց նա ռինգում, մարզադահլիճում Աստված է: Նրան կողմ է ազգային հավաքականի 30 մարզիկներից 27-ը: Դա նշանակում է՝ մենք ունենք հրաշալի մասնագետ»,- շեշտեց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ 11-րդ նիստին ներկա էին նաեւ ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյան եւ Վիկ Դարչինյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։