Վարուժան Սուքիասյանը՝ «Սելթիկի» հետ դիմակայության մասին. Պետք է կազմակերպված գործենք երկու խաղերում

22:43   19 հունիսի, 2018

Հունիսի 19-ին Շվեյցարիայի Նիոնում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբին` «Սելթիկին»:

«Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում Հայաստանի չեմպիոնների գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսել է վիճակահանության  և «Սելթիկի» հետ դիմակայությունից մասին:

«Մեզ ուժեղ մրցակից է բաժին հասել, որին, իհարկե, հարգում ենք: Բայց, վախենալու ոչինչ չկա: Պետք է կազմակերպված գործենք երկու խաղերում, ցուցադրենք նախաձեռնող ֆուտբոլ և փորձենք մեր կամքը թելադրել մրցակցին: Պետք չէ մոռանալ որ մենք հավաքականի կազմում միջազգային փորձ կուտակած մի շարք ֆուտբոլիստներ, ինչպես նաև` փորձառու լեգիոներներ ունենք մեր կազմում: Ամենայն լրջությամբ ենք պատրաստվում «Սելթիկի» հետ դիմակայությանը: Ամեն ինչ կանենք` գեղեցիկ խաղ ցուցադրելու և մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- նշել է Սուքիասյանը:

«Սելթիկի» մամուլի ծառայության հետ զրույցում վիճակահանությունը մեկնաբանել է թիմի ավագ մարզիչ Քրիս Դևիսը: Շոտլանդական թիմը գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

«Մեզ սպասվում է դժվար ճանապարհորդություն` դեպի Հայաստան: Պատասխան խաղը կանցկացնենք տանը, ինչը դրական է մեզ համար: Եթե մենք ցուցադրենք մեր խաղամակարդակը, ապա կհաղթենք, սակայն չենք պատրաստվում թերագնահատել մրցակցին: Մենք գիտենք, որ այսպիսի թիմերի դեմ խաղերում կարելի է դժվարությունների հանդիպել: Հավանական է, որ Հայաստանում չափազանց շոգ կլինի, սակայն մենք պատրաստ ենք դրան: Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը», - ասել է Քրիս Դևիսը։

«Ալաշկերտ» - «Սելթիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

«Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։