Արթուր Սողոմոնյան. Անդրեյ Տալալաևը Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկն է

15:54   14 հունիսի, 2018

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի նշանակումը։

«Անդրեյ Տալալաևը Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկն է և հենց այն մասնագետն է, ով պետք է մեր ակումբին այսօր: «Փյունիկի» թիմում շատ են երիտասարդները, իսկ Անդրեյ Տալալաևը հայտնի է իր աշխատանքով Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ: Իր սաներից ութը տարբեր ժամանակահատվածներում խաղացել են երկրի առաջին թիմում:

Այսօր մեկնարկող աշխարհի առաջնությունում Անդրեյ Տալալաևի 6 սաներ հանդես են գալու Ռուսաստանի հավաքականում: Քիչ մարզիչներ կան, ովքեր կարող են հպարտանալ նման արդյունքներով:

Ես մեծ հաջողություն եմ համարում, որ նա համաձայնել է գալ Հայաստան: Շատ շնորհակալ եմ Անդրեյին, որ ընդունել է մեր հրավերը»,– Արթուր Սողոմոնյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տալալաեւի պայմանագիրը նախատեսված է 2+1 տարի տարբերակով։

Տալալաեւի նախորդ ակումբը «Տամբովն» էր, որը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում գրավեց չորրորդ տեղը, նվաճեց Պրեմյեր լիգայի անցումային հանդիպումների իրավունք, սակայն չհաղթահարեց «Ամկարի» արգելքը։ 45–ամյա մասնագետը մարզել է նաեւ Նիժնի Նովգորոդի «Վոլգան», Կրասնոդարի «Կուբանը» եւ Մոսկվայի «Սպարտակը»։

Մինչ այս, «Փյունիկը» գլխավորում էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը «Փյունիկում» որպես սպորտային տնօրեն:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում գրավել է 5–րդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։