22:08 12 հունիսի, 20182017 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը կասեցվել է, այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Պատանիների պայքարին հայ ծանրորդները կկարողանան մասնակցել հունիսի 19-ից, իսկ երիտասարդների և մեծահասակների մրցաշարերին՝ օգոստոսի 19-ից։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար։ Հետո արդեն Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը։ Նոյեմբերին էլ Աշգաբադում տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացրել դոպինգային խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականին:
Ավելի վաղ reuters-ը հայտնել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ:
Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.