NEWS.am Sport-ը՝ Ռուսաստանից. Հայաշատ Սոչին՝ ֆուտբոլային տոնին ընդառաջ (ֆոտո)

09:11   12 հունիսի, 2018

Սոչին պատրաստվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկից օրեր առաջ ծովափնյա քաղաքում ընթանում են վերջին աշխատանքները:

Սոչիում ապրում են բազմաթիվ հայեր, որոնց կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր հատվածներում: Այստեղ ֆուտբոլային երկրպագուները դեռ շատ չեն, եւ աշխարհի առաջնության շունչը հիմնականում զգացվում է ֆուտբոլային տոնին նվիրված պաստառներով ու բազմաթիվ ցուցանակներով: Քաղաքի տարբեր հատվածներում կան հետհաշվարկի լուսատախտակներ: Աշխարհի առաջնությունում այստեղ անցկացվելու են խմբային փուլի 4 հանդիպումներ ու փլեյ-օֆֆի 2 խաղեր:

Մինչեւ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնին անցնելը, անդրադառնանք երկրպագուների համար նախատեսված գոտուն: Ֆան գոտին գտնվում է հենց Սոչի քաղաքի գլխավոր նավահանգստի անմիջապես հարեւանությամբ, թեեւ ԱԱ-2018-ի խաղերն անցկացվելու են Ադլերում, որը մոտ 30 կմ հեռավորության վրա է Սոչիից: Քաղաքի գլխավոր կայարանից քայլելով մոտ 15 րոպեում կարելի է հասնել ֆան գոտի: Սոչիում ֆան գոտին պաշտոնապես կբացվի հունիսի 14-ին՝ աշխարհի առաջնության բացման օրը: Այստեղի ֆան գոտին դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, իսկ տարածքը շատ մեծ չէ: Աշխատանքները շարունակվում են: Ֆան գոտում տեղադրված մեծ էկրանի վրա ցուցադրվելու են աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները: Ֆան գոտին գտնվում է ծովափին՝ քաղաքային լողափի հարեւանությամբ:

Սոչիից Ադլերի «Ֆիշտ» ստադիոն երկրպագուները կարող են ուղեւորվել ինչպես մեքենայով ու ավտոբուսով, այնպես էլ՝ գնացքով: Ստադիոնը գտնվում է Ադլերի Օլիմպիական այգում, որն ունի նաեւ գնացքի կայարան: Ինչպես Սոչիում, այնպես էլ Ադլերում կան նորաբաց սրահներ, որտեղից երկրպագուները կարող են ստանալ ՖԻՖԱ-ի երկրպագուական անձնագրերը:

«Ֆիշտ» ստադիոնում անցկացվելու են խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Պորտուգալիա – Իսպանիա (հունիսի 15), Բելգիա – Պանամա (հունիսի 18), Գերմանիա – Շվեդիա (հունիսի 23) եւ Ավստրալիա – Պերու (հունիսի 26): Հունիսի 30-ին Սոչիում կկայանա 1/8 եզրափակիչի հանդիպումներից մեկը, իսկ հուլիսի 7-ին քաղաքն ԱԱ-2018-ում իր առաքելությունը կավարտի քառորդ եզրափակիչի խաղով:

Հատկանշական է, որ «Ֆիշտ» ստադիոնը կառուցվել է ոչ թե ԱԱ-2018-ի, այլ 2014-ին կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի համար: Ստադիոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին ու ավարտվել 2013-ին: Այս ստադիոնում տեղի են ունեցել ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ու փակման արարողությունները: Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ «Ֆիշտը» հյուրընկալում էր 40 հազար երկրպագու: 2017-ին կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ նստարանների քանակն ավելացվել է 1200-ով, իսկ ԱԱ-2018-ում ստադիոնը կունենա 48 հազար աթոռ: 2017 թվականին «Ֆիշտը» ձեւափոխվել է աշխարհի առաջնության համար:

Ստադիոնը գտնվում է Օլիմպիական այգու վերջնամասում՝ օլիմպիական կրակի հարեւանությամբ: Ստադիոնից լողափ կարելի է հասնել 8-10 րոպեում: Ստադիոնի հարեւանությամբ են գտնվում նաեւ Ֆորմուլա-1-ի մրցուղին ու ատրակցիոնները:

Սոչիում է գտնվում նաեւ Բրազիլիայի հավաքականի մարզաբազան: Բրազիլացիները Սոչի էին ժամանել նախօրեին: Դրա առթիվ քաղաքային հեռուստաաշտարակը լուսավառվել էր Բրազիլիայի դրոշի գույներով: Չնայած Բրազիլիայի հավաքականը խմբային փուլի խաղեր չունի Սոչիում, սակայն նրանք ընտրել են այս քաղաքի, որտեղի կլիման ամենահարմարավետն է նրանց համար: Հունիսի 12-ին Տիտեի գլխավորած թիմը նաեւ բաց մարզում կանցկացնի Սոչիի «Հարավ-սպորտ» ստադիոնում: Սոչիում բրազիլացիները հանգրվանել են Swissotel Resort հյուրանոցում:

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն Իստագրամում արդեն լուսանկար է հրապարակել Սոչիի լողափից:

ԱԱ-2018-ի տոնը, կարելի է ասել, դեռ չի մեկնարկել Սոչիում, սակայն այստեղ սպասվում են ֆուտբոլային թեժ օրեր: Ի դեպ, Սոչիի իշխանությունների որոշմամբ՝ ԱԱ-2018-ի խաղերի օրերը (հունիսի 15, 18, 23, 26, 30 եւ հուլիսի 7) Սոչիում կլինեն ոչ աշխատանքային:

Դավիթ Եղիազարյան՝ Սոչիից

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

TotoGaming-ը անցկացնում է նոր սուպեր ակցիա՝ SuperToto, Զգա...

Սա քո հնարավորությունն է շահելու մեծ Ջեքփոթ:

Խոշոր գումար՝ խաղադրույքիդ 10-ապատիկ չափով կամ շքեղ ավտոմեքենա։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.