Լեոն Հարթ. Նոր թիմով, նոր մարզիչով պրոֆեսիոնալ ռինգում կպայքարեմ չեմպիոնական գոտու համար

17:04   26 մայիսի, 2018

Նոր թիմով, նոր հայ մարզիչով եւ նոր քաշային կարգում մայիսի 26-ին պրոֆեսիոնալ ռինգում կպայքարեմ չեմպիոնական գոտու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, որը մայիսի 26-ին Համբուրգում կանցկացնի 20-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, կպայքարի IBO Continental չեմպիոնական գոտու համար, բայց իր համար նոր քաշային կարգում՝ կիսածանր քաշում:  Նախորդ 19 մենամարտերում 29-ամյա բռնցքամարտիկը տարել է 16 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն:

«Առաջին անգամ մենամարտելու եմ կիսածանր քաշային կարգում՝ 79,4 կգ: Մինչ այս  հանդես էի գալիս՝ 90,7 կգ: Շատ կարճ ժամանակում որոշեցի եւ փոխեցի քաշային կարգս: Այս պահին մարզական կարիերայիս համար սա էր ճիշտ որոշումը: 8 շաբաթում 15 կգ եմ իջեցրել: Գնում եմ չեմպիոնական մենամարտի լրիվ նոր աշխատանքային թիմով, նոր մենեջերով: Աշխատում եմ մարզիչ Արթուր Գրիգորյանի հետ:

Այս մենամարտս ինձ համար շատ կարեւոր է, քանի որ գոտու համար եմ պայարելու: Շատ լավ մարզավիճակում եմ: Մրցակիցս բավական ուժեղ բռնցքամարտիկ է. Չեխիայի առաջին համարը՝ Կարել Հորեսեկը:

Արդեն կայացել է իմ եւ մրցակցիս կշռման արարողությունը եւ հայացքների մենամարտը: Ես կշռում եմ 79,2 կգ, իսկ մրցակիցս՝ 79 կգ»,- ասաց Լեոն Հարթը:

Լեոն Հարթի նախորդ մենամարտը կայացել էր 2018 թվականի մարտի 24-ին Գերմանիայի Կարլսռուե քաղաքում, 8 ռաունդանոց մենամարտում մրցել էր բոսնիացի Ֆադիլ Պաշալիչի հետ եւ հաղթել ժամանակից շուտ։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։