Դավիդ Յուրչենկո․ Հայաստանի հավաքական հրավիրվելու վերաբերյալ Բերեզովսկու հետ դեռ չեմ խոսել

23:25   24 մայիսի, 2018

Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հերթական անգամ ասել է, որ ցանկանում է միանալ Հայաստանի հավաքականին, նշելով, որ դեռ այդ հարցով չի խոսել Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։

«Հստակություն Հայաստանի հավաքականում խաղալու վերաբերյա՞լ։ Նախ՝ ես պետք է կողմնորոշվեմ ակումբի հարցում, քանի որ մայիսի 31-ին ավարտվում է պայմանագիրս «Տոսնոյի» հետ։ Երբ ամեն ինչ պարզ լինի ակումբի հարցում, և եթե հայտնվեմ Եվրոպայում, կամ թիմս դեմ չլինի լեգեոների կարգավիճակին, ապա կսկսեմ խաղալ Հայաստանի հավաքականում։

Դեռ առանց թիմ եմ։ Բնականաբար չեմ ընդունի Հայաստանի քաղաքացիություն և հանդես չեմ գա հավաքականում, քանի որ Ռուսաստանում կլինեմ լեգեոներ։

Առաջարկների առումով դեռ հստակություն չկա, կան քննարկումներ միայն։ Իհարկե, մեծ ցանկություն ունեմ Հայաստանի հավաքականում խաղալու։ Հայաստանի հավաքականի երկրպագուներին կասեմ, որ քիչ է մնացել սպասելուն․ ես ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, ցանկանում եմ, որ ընտրանին հնարավորինս բարձր արդյունքներ գրանցի։

Այս իրադրությունում ես դեռ պատանդ եմ, քանի որ չեմ ուզում Ռուսաստանում, որտեղ ապրում եմ, լեգեոներ համարվել։ Մյուս կողմից ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ։ Լինել հավաքականի անդամ, բայց ակումբում չունենալ խաղային պրակտիկա՝ անհնար է։

Ռոման Բերեզովսկու հետ դեռ չեմ խոսել այս հարցով»,- Յուրչենկոյի խոսքն է փոխանցում sport24.ru-ն։

Հիշեցնենք, որ 32-ամյա դարպասապահը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, որպեսզի պատրաստվեր Ավստրիայում կայանալիք Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հետ ընկերական խաղերին, սակայն ընտրանուն չի միացել։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։