Հայաստանի ըմբիշները մեդալներ են նվաճել զինվորականների աշխարհի առաջնությունում

18:43   23 մայիսի, 2018

Հայաստանի զինված ուժերի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկ-զինծառայողները մասնակցել են Մոսկվայում անցկացված զինվորականների աշխարհի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):

Առաջնությանը, որին մասնակցել են նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մարզիկ: Թիմի մարզիչն էր Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55կգ քաշային կարգում), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67կգ քաշային կարգում) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան 60կգ քաշային կարգում, Արմեն Հակոբյան` 72կգ քաշային կարգում, Էդուարդ Սարգսյան` 82կգ քաշային կարգում):

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված միջազգային առաջին կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։