«Շիրակը» կբոյկոտի «Փյունիկի» դեմ խաղը եւ պահանջում է ՀՖՖ նախագահի ու ամբողջ աշխատակազմի հրաժարականը

12:18   20 մայիսի, 2018

Պայմանավորված խաղի հետ կապ ունենալու մեջ կասկածվող Գյումրիի «Շիրակը» կբոյկոտի Երեւանի «Փյունիկի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումը: Գյումրեցիների որոշումը կապված է ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. որոշման հետ, որի համաձայն՝ ակումբը զրկվել է 12 միավորից ու տուգանվել 7 միլիոն դրամ:

«Շիրակը» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են «Շիրակի» միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո «Շիրակը» կվերադառնա առաջնություն»,- նշված է «Շիրակի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Բարձագույն խմբի վերջին տուրում մայիսի 20-ին կկայանան «Բանանց» - «Արարատ» եւ «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպումներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.