ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. որոշման կիրառման պարզաբանումը

11:45   19 մայիսի, 2018

2018թ. մայիսի 5-ին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Ա. Հարությունյանի կողմից պայմանավորված խաղ կազմակերպելու համար «Շիրակ» ՖԱ-ին յոթ միլիոն ՀՀ դրամով տուգանելու, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Շիրակ թիմի արդյունքները 12 միավորով նվազեցնելու մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. որոշման կիրառման պարզաբանումը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 2018թ. մայիսի 14-ին նշված որոշումը բողոքարկել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտե` պահանջելով այն ամբողջությամբ վերացնել: Բողոքարկման կոմիտեն իր որոշումը կայացրել է մայիսի 18-ին` ժամը 14:00-ին` մերժելով «Շիրակ» ՖԱ բողոքը և ուժի մեջ թողնելով Կարգապահական կոմիտեի որոշումը: Նույն օրը` ժամը 16:10-ին, որոշումը հրապարակվել է ուղիղ եթերով և այդպիսով մտել է ուժի մեջ` համաձայն ՀՖՖ կարգապահական մարմինների աշխատանքային ընթացակարգի 29-րդ հոդվածի 1-ին կետի, ըստ որի` Բողոքարկման կոմիտեի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Ի կատարումն Բողոքարկման կոմիտեի որոշման` նույն օրը` ժամը 16:22-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շիրակ» թիմի միավորները նվազեցվել են 12-ով:

Վերը նշված բոլոր գործողություններից հետո միայն «Շիրակ» ՖԱ ներկայացուցիչները ՀՖՖ-ին առձեռն հանձնել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը)արգելվել է նվազեցնել «Շիրակ» ՖԱ միավորները: Սակայն, մինչև ՀՖՖ-ին դատարանի որոշման մասին տեղեկացնելը, «Շիրակ» ՖԱ միավորներն արդեն իսկ նվազեցվել էին, ուստի դատարանի որոշման պահանջը կատարելն իրավաբանորեն արդեն անհնար էր և ժամանակավրեպ: Ավելին, դա ուղղակիորեն կխախտեր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակիցներ «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների իրավունքները, քանի որ որոշման կատարման արդյունքում այդ թիմերն արդարացիորեն բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում:

Հարկ ենք համարում ավելացնել, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իրավունք ունի Բողոքարկման կոմիտեի որոշումը ստանալուց հետո` 21 օրվա ընթացքում, այն բողոքարկել Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS): Այս առումով պետք է տարբերակել Բողոքարկան կոմիտեի որոշման հրապարակման և այդ որոշումը «Շիրակ» ՖԱ-ին հանձնելու իրավական հետևանքները: Մասնավորապես` հրապարակման պահից որոշումն ուժի մեջ է մտնում, իսկ «Շիրակ» ՖԱ-ին որոշումը հանձնելու պահից սկսվում է դրա բողոքարկման ժամկետը:

Ինչ վերաբերում է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի իրավասությանը, ապա այդ իրավասությունը ճանաչված է ՀՖՖ կանոնադրությամբ:  «Շիրակ» ֆուտբոլային ակումբն էլ իր հերթին գրավոր ընդունել է ՀՖՖ-ի կանոնադրությունը, ինչպես նաև ճանաչել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի իրավասությունը` ինչպես նշված է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունների և կանոնակարգերի համապատասխան հոդվածներում:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։