Հաբեթնակ Կուրղինյան. Այս անհաջողությունը մեր տղաներին ավելի կզգոնացնի

15:50   18 մայիսի, 2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը հաջող չստացվեց։ Հայաստանը հանդես եկավ ամբողջական կազմով՝ Միհրան Ջաբուրյան (57 կգ),  Գարիկ Բարսեղյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ),  Վարուժան Կաջոյան (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Գեորգի Կետոեւ (97 կգ) եւ Լեւան Բերիանիձե (125 կգ): Լեւան Բերիանիձեն պայքարի դուրս չեկավ՝ առողջական խնդիրների պատճառով։Մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն ձեռք բերեց միայն Լոնդոն-2012–ի Օլիմպիական խաղերի մասնակից Միհրան Ջաբուրյանը, ոչը տեւական դադարից հետո կրկին վերադարձել է գորգ: ԵԱ-ն Ջաբուրյանի առաջին մրցելույթն էր կարիերայի դադարից հետո: Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում Ջաբուրյանը 1։8 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Անդրեեւին: Հայաստանի հավաքականը ԵԱ-ից վերադարձավ ձեռնունայն:

NEWS.am Sport-ը զրուցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ:

Պարոն Կուրղինյան, Եվրոպայի առաջնությունից առաջ NEWS.am Sport-ին տված հարցազրույցում վստահություն էիք հայտնել, որ ազատ ոճայիններից յուրաքանչյուրն էլ հավակնում է մեդալի, մասնակիորեն մի քանիսից մեդալի ակնկալիք ունեիք: Ինչո՞ւ ձախողվեցիք ԵԱ-ում:

Մեր մարզիկները հավակնում էին մեդալների, բայց չստացվեց: Ինչպես գիտեք, մեր հավաքականը, ցավոք սրտի, աշխարհում չունի ընդգծված առաջատարներ, որ վստահ լինենք՝ մեդալներ ունենալու հարցում: Փաստն այն է, որ այս պահին չունենք աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ: Վիճակահանությունն անհաջող ստացվեց մեր տղաների համար, բախնտերը չբերեց այդ առումով եւ ստացվեց այն, ինչ ունենք՝ մնացինք առանց մեդալ:

Ձախողված Եվրոպայի առաջնությունից հետո ի՞նչ բացթողումներ ընդգծեցիք եւ ի՞նչ խնդիր եք դրել հավաքականի առջեւ:

Եվրոպայի առաջնությունում մեր անհաջողությունը կսթափեցնի մեզ, տղաներին, որ ավելի զգոն եւ սթափ նայեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, լուրջ մոտեցում ցուցաբերեն այս խոշոր մրցաշարերին: Ինձ թվում է՝ այս անհաջողությունը մեր տղաներին ավելի կզգոնացնի:

Մեդալի ակնկալիք ունեիք Վալոդյա Ֆրանգուլյանից, Գրիգոր Գրիգորյանից, մեդալի էր հավակնում նաեւ Միհրան Ջաբուրյանը: Ի՞նչը չբավարարեց ըմբիշներին:

Մեր տղաներին մեկ-երկու անգամ է հաջողվել մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնություններում: Բայց ուզում եմ նշել, որ նրանք իրենց քաշային կարգերում ընդգծված առաջատարներ չեն: Սա մեր իրականությունն է եւ դրանից խուսափել պետք չի. այսօր մեր թիմում առաջատարներ չկան: Խնդիրները հասկանալ է պետք եւ այդ խնդիրների վրա աշխատել: Նորից կնշեմ, որ մեր հավաքականի տղաներից յուրաքանչյուրն ունի մեծ ներուժ, նրանք կարող են մեծ աշխատանքի արդյունքում մեդալներ նվաճել: Բայց մինչ այդ մեդալներին հասնելը շատ-շատ լուրջ աշխատանք է հարկավոր տանել: Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի, իր տեղը կընկնի:

Մեր նախորդ հարցազրույցում նշեցիք, որ հավաքականի այս կազմով կգնաք դեպի Օլիմպիական խաղեր, առաջիկա աշխարհի առաջնություն: Եվրոպայի առաջնությունից հետո փոփոխություններ ամեն դեպքում կլինե՞ն:

Միշտ կողմ եմ կազմի փոփոխության, սերնդափոխության: Բայց մինչեւ կազմի փոփոխության մասին մտածելը, պետք է նախ տեսնենք, թե ինչ ռեսուրս ունենք այդ փոփոխությունների համար: Օրինակ՝ հաջորդ օլիմպիական մրցաշրջանի համար այսօր պետք է արդեն պատանիների եւ երիտասարդների մեջ ընդգծված առաջատարներ տեսնենք: Իսկ դա արդեն ենթադրում է մեծ ու լուրջ աշխատանք այդ հավաքականների հետ: Այս խնդիրը բոլորիցս է կախված. ճիշտ է՝ այսօր ամենամեծ պատասխանատուն ես եմ, բայց ամեն դեպքում հաջողություն գրանցելու համար թիմային մեծ աշխատանք է պետք ոչ միայն մարզչական շտաբի կողմից, այլեւ բոլորի: Եթե անհաջողությունների պատճառներն ուսումնասիրենք, դրանց արմաները շատ խորն են. օրինակ՝ մարզադպրոցների մարզիչների սոցիալական վիճակը: Եթե մարզիչը սոցիալապես ապահոված լինի, նա մարզադահլիճում քրտնաջան կաշխատի:

Ի՞նչ կասեք մրցավարության մասին: Եղել են ազատ ոճայինների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք մրցավարների կողմից:

Մեր մարզաձեւում անարդար մրցավարություններ որպես այդպիսին չեն եղել հայ ըմբիշների նկատմամբ: Միշտ խուսափում եմ ձախողումները բարդել մրցավարության, մրցավարների վրա: Կողմնակալ մրցավարություններ միշտ եղել են եւ շարունակում են լինել, բայց դա չի պատճառը, որ մեր թիմը մեդալ չի նվաճել: Չկապենք մեր ձախողումը մրցավարության հետ:

Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում եւ ի՞նչ փուլերով եք նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը:

Առաջիկայում ունենք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որը տեղի է ունենալու Ստամբուլում հունիսի 6-10-ը: Դրանից հետո մեծահասակները կպատրաստվեն աշխարհի առաջությանը: Ունենք մի քանի միջազգային մրցաշարեր, որոնց արդյուքներով կորոշվի, թե ով հնարավորություն կստանա մասնակցել աշխարհի առաջնությանը: Ես ունեմ շա խիստ մոտեցում աշխարհի առաջնության կազմի ընտրության հարցում եւ առհասարակ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների համար: Անցյալ տարի եւս նման մոտեցում եմ ցուցաբերել՝ ով միջազգային մրցաշարերում հաջող հանդես չեկավ, մեդալների համար չպայքարեց, իմաստ չեմ գտնում նրա մասնակցությունը աշխարհի առաջնությունում:

Լուսինե Շահբազյան



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։