ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի փոխչեմպիոն, «Տոսնոն» 5 գոլ բաց թողեց Դավիդ Յուրչենկոյի հետ եւ լքեց Պրեմյեր լիգան

17:30   13 մայիսի, 2018

Ավարտվեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը նախորդ տուրում ապահովել էր Մոսկվայի «Լոկոմոտիվը»: 30-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Տուլայի «Արսենալին» եւ առաջնությունն ավարտեց 60 միավորով:

Նախորդ տարվա չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Դինամոյին» եւ, նահանջելով երրորդ տեղ, նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Երկրորդ տեղով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը 2:1 հաշվով ուժեղ գտնվեց Մախաչկալայի «Անժիից»:

Չորրորդ եւ 5-րդ տեղերը գրաված «Կրասնոդարն» ու «Զենիթը» իրավունք ստացան հանդես գալ Եվրոպայի լիգայում:

Օրեր առաջ Ռուսաստանի գավաթը նվաճած պետերբուրգյան «Տոսնոն» հյուրընկալվելիս 0:5 հաշվով պարտվեց «Ուֆային» եւ, գրավելով նախավերջին տեղը, հետնապահ «ԲՄԱ Խաբարովսկի» պես դուրս մնաց Պրեմյեր լիգայից: «Տոսնոյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքական հրավիրված Դավիդ Յուրչենկոն:

Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ռոստովին» եւ 37 միավորով գրավեց 12-րդ տեղը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ դեղին քարտ ստացավ 88-րդ րոպեին:

13-րդ եւ 14-րդ տեղերը գրաված Պերմի «Ամկարն» ու Մախաչկալայի «Անժին» Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար անցումային խաղեր կանցկացնեն Ռուսաստանի առաջին լիգայի երրորդ եւ չորրորդ տեղերի թիմերի հետ: «Ամկարն» ուժերը կչափի «Տամբովի» հետ, իսկ «Անժին» կհանդիպի Կրասնոյարսկի «Ենիսեյին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: «Օրենբուրգն» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը» հաջորդ մրցաշրջանում կխաղան Ռուսաստանի ուժեղագույնների լիգայում:

Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը, որը դարձավ 15 գոլի հեղինակ: Երկրորդ տեղը գրաված ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը («Կրասնոդար») խփել է 14 գոլ:

Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Արսենալ Տուլա» - «Լոկոմոտիվ»՝ 2:0

Արտյոմ Ձյուբա, 29, Կանտեմիր Բերխամով, 90+2

Սոլոմոն Կվիրկվելիա, 86 («Լոկոմոտիվ»)

ԲԿՄԱ - «Անժի»՝ 2:1

Ահմեդ Մուսա, 9, Վիտինյո, 61 – Արսեն Խուբուլով, 33

«Սպարտակ» - «Դինամո»՝ 0:1

Եվգենի Լուցենկո, 35 (11մ)  

«Զենիթ» - «ԲՄԱ Խաբարովսկ»՝ 6:0

Սեբաստիան Դրիուսի, 6, Անտոն Զաբոլոտնի, 21, Ալեքսանդր Երոխին, 38, 49, 60, 78

«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 1:1

Պավել Մամաեւ, 56 – Սերդար Ազմուն, 87

«Ամկար» - «Ախմատ»՝ 0:0

Հեռացում՝ Անխել Ուիլկեր, 51 («Ախմատ»)

«Ռոստով» - «Ուրալ»՝ 1:0

Ալեքսեյ Իոնով, 57

«Ուֆա» - «Տոսնո»՝ 5:0

Դմիտրի Ժիվոգլյադով, 30, 84, Դմիտրի Սուսեւ, 32, Սիլվեստր Իգբուն, 50, Իվան Պաուրեւիչ, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։