Լեւոն Ջուլֆալակյան. Միհրան Հարությունյանը հեռու է մնում հավաքականի մարզումներից

11:44   11 մայիսի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին, որը մայիսի 19-ին Ռոստովում նորամուտը կնշի խառը մենամարտերում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Միհրանը կոնկրետ հեռու է մնում հավաքականի մարզումներից, եւ ոչ մի քայլ չի արել, մոտեցում չկա: Մարզիկը պետք է մասնակցի հավաքների եւ մրցումների, որպեսզի կարողանանք ինչ-որ բան ասել: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Այն, որ Միհրանը տաղանդավոր ըմբիշ է, դա փաստ է: Նա շատ արագ ու ճկուն է, սակայն չեմ կարող ասել, թե ինչպես իրեն կդրսեւորի խառը մենամարտերում: Ռինգը ցույց կտա: Ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքն ու այն, թե ինչն է ճիշտ իր համար»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Խառը մենամարտերում հաշ ըմբիշը նորամուտը կնշի Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարում, որում կմրցի իրանցի Ալի Յուսեֆիի հետ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։