ԵԱ․ Ջաբուրյանն ու Կաջոյանը մեկնարկեցին հաղթանակով, Մարգարյանը եւ Ֆրանգուլյանը պարտվեցին

14:12   4 մայիսի, 2018

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ:

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթելով ռումինացի Անդրեյ Դուկովին: Ջաբուրյանի հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Գեորգի Էդիշերաշվիլին։

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ եւ համառ պայքարում պարտվեց 0․3 հաշվով։ Եթե վրացի ըմբիշը հասնի եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւս մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթելով ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտներին: Քառորդ եզրափակիչում Մարգարյանն ուժերը չափեց ռուսաստանցի Մոգամեդ Կուրբանալիեւի հետ եւ պարտվեց 6։9 հաշվով։ Եթե ռուսաստանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Մարգարյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար

1/8 եզրափակիչում 79 կգ քաշային Վարուժան Կաջոյանի առաջին մրցակիցն էր ֆինն Հենրի Ալեկսի Սելենիուսը, որին հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթեց 10։0 հաշվով։ Կիսաեզրափակիչի ուղեգիրը Կաջոյանը կվիճարկի ադրբեջանցի Ջաբրիալ Հասանովի հետ։

97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոեւը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի ադրբեջանցի Նուրմագոմեդ Գաջիեւի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։