Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյան. Երկար ժամանակ էի երազում այս տիտղոսի մասին

13:10   28 ապրիլի, 2018

13 տարվա դադարից հետո Հայաստանի համար ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը մեկնաբանել է հաղթանակը:

«Երկար ժամանակ էի երազում այս տիտղոսի մասին եւ հիմա Եվրոպայի չեմպիոն եմ: Այսօր ոսկե մեդալից բացի ոչ մի այլ բան չէի ցանկանում: Շատ ծանր մարզումներ էին ունեցել, եւ դեռ շատ աշխատանք ունենք: Իսկապես, շատ ծանր աշխատանք ենք տարել եւ այսօր չէի կարող պատկերացնել, որ կպարտվեմ: Շատ հպարտ եմ, որ իմ երկրի համար նվաճեցի ոսկե մեդալ եւ ցանկանում եմ ներկայացնել այս տիտղոսը հայրենիքում»,- ասել է Ֆերդինանդ Կարապետյանը:

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում 26-ամյա Կարապետյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով լիտվացի, էստոնացի, ուկրաինացի ու շվեդ ձյուդոիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովից:

Կարապետյանը կրկնել է ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հաջողությունը: 2005-ին Նազարյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հոլանդիայում կայացած առաջնությունում:

նախորդ ամիս Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալակիր էր դարձել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում, որի կիսաեզրափակիչում հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։