Գենադի Գոլովկին. Վանես Մարտիրոսյանը շատ բարդ մրցակից է (ֆոտո)

12:27   24 ապրիլի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինը եւ ամերիկահայ Վանես Մարտիրոսյանն անցկացրել են բաց մարզում: Մարզումից հետո տեղի է ունեցել նրանց առաջին հայացքների մենամարտը:

36-ամյա Գոլովկինը նաեւ խոսել է Վանես Մարտիրոսյանի մասին.

«Նա իրական մրցակից է: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես ունեմ մրցակից: Նա շատ բարդ մրցակից է՝ ուժեղ, բարձրահասակ: Բացի այդ, նրա հետեւում կա հրաշալի թիմ»,- ղազախ բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Գոլովկինի եւ Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Ֆոտո՝ twitter.com/boxingscene



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։