Ալեքս Ֆերգյուսոն. Արսեն Վենգերը լավագույն մարզիչներից մեկն է Պրեմյեր լիգայի պատմության մեջ

22:57   20 ապրիլի, 2018

Հպարտ եմ, որ եղել եմ այդպիսի երեւելի մարդու մրցակիցը, գործընկերն ու ընկերը, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին, որը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնից հեռանալու մասին։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2019 թվականը։

«Ես շատ երջանիկ եմ Վենգերի համար։ Հարգում եմ նրան եւ նրա աշխատանքը «Արսենալում»։ Նա ակումբին նվիրել է 22 տարի, ինչը նրա տաղանդի, պրոֆեսիոնալիզմի եւ նպատակասլացության վկայությունն է։ Անկասկած, նա լավագույն մարզիչներից մեկն է Պրեմյեր լիգայի պատմության մեջ»,– Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։