Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո)

23:46   18 ապրիլի, 2018

Երեւանում անցկացվող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից բոլորը գոհ են: Հայ սուսերամարտիկները մասնակցեցին իրենց հնարավորությունների չափով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուսերամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը:

Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում ընթացող մրցաշարի վերջին երկու օրերում մեկնարկել է թիմային պայքարը: Մասնակցում է 32 երկրի շուրջ 300 մարզիկ: Եվրոպայի առաջնությանը հետեւելու նպատակով այս օրերին Հայաստանում է նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը: Մրցումային երկրորդ օրը Յանա Եգորյանը մարզադահլիճից հետեւել է մրցումներին, Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարության կողմից արժանացել ջերմ ընդունելության:   

«Մրցումներն  անցնում են հետաքրքիր եւ թեժ պայքարում: Արդեն ավարտվել է անհատական պայքարը: Այսօր մեկնարկել է թիմային պայքարը: Հայաստանի թիմից ակնկալիք չունեինք: Այսօր մեր թիմը պայքարի դուրս եկավ խոցասուսերի աղջիկներ պայքարում, հանդիպեց Շվեցարիայի թիմին, պարտվեցինք, իսկ Շվեցարիան դուրս եկավ եզրափակիչ: Այսինքն՝ մենք մեր վերջին համարներով պայքարի դուրս եկանք ուժեղագույն թիմի հետ: Վիճակահանությունը մեր մարզիկների համար այդպես է դասավորվում, քանի որ չենք մասնակցում տարվա կարեւորագույն մրցաշարերի:

Խոցասուսերի կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիայի թիմը՝ հաղթելով Շվեցարիայի թիմին 45:26 հաշվով: Շատ լավ է անցնում Եվրոպայի առաջնությունը, այդ մասին փաստում են նաեւ մասնակից երկրների ներկայացուցիչները, ղեկավարները: Բոլորը շատ գոհ են, ջերմ ընդունելության են արժանացել, նրանց նույնիսկ հետաքրքրում է դրսում տեղի ունեցող հանրահավաքը: Մեր քաղաքը բոլորը շատ սիրել են: Մենք էլ հպարտ ենք, որ պատվով ենք կարողացել մեր առջեւ դրված խնդիրն իրականացնել: Մեզ համար պատիվ է, որ բոլոր հյուրերը գոհ են մեր հյուրընկալությունից: Կարող ենք միջազգային հարթակում գլուխներս բարձր քայլել, որ պատվով ընդունել եւ անցկարցել ենք Եվրոպայի առաջնությունը:

Շատ ուրախ ենք նաեւ, որ մեզ հյուրընկալեց նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի կազմում հանդես եկող Յանա Եգորյանը: Նա եկավ մարզադահլիճ, հետեւեց մրցումներին, Հայաստանի ֆեդերացիայի կողմից Եվրոպայի առաջնության հուշամեդալ ստացավ: Նրան շատ ջերմ ընդունեցին թե մասնակից երկների անդամները, պատվավոր հյուրերը, թե հայ մարզիկներն ու հանդիսատեսը: Հաճելի էր, որ նա հյուրընկալվեց մեզ»,- ասաց Ալիկ Նավասարդյանը:

Անդրադառնալով մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ սուսերամարտիկների մրցելույթներին, Ալիկ Նավասարդյանը նշեց, որ չնայած պարտություններին, հայ մարզիկներ լավ են հանդես եկել:

«Մեր հավաքականի անդամներից ամենաավագը 21 տարեկան է: Իսկ այս առաջնությունն անցկացվում է մինչեւ 23 տարեկանների մեջ: Այս երկու տարին էլ իր նշանակությունն ունի, բացի այդ մեծ փորձ ունեն, ավելի ուժեղ են, քան մեր մարզիկները: Մեր առաջատարներ Էմմա Պողոսովայի, Էդուարդ Օվիկյանի եւ Մայքլ Հովհաննիսյանի մասնակցությունը նորմալ ենք գնահատում: Նրանք բոլորն էլ մասնակցեցին իրենց հնարավորությունների չափով: Էմմա Պողոսովան մոտ էր կիսաեզրափակիչին, սակայն ցավալի պարտություն կրեց խոցասուսերի 1/32 եզրափակիչում: Նա 14:11 հաշվով հաղթում էր Շվեյցարիան ներկայացնող Կիմ Յասմինին, սակայն վերջին րոպեներին անսպասելի պարտություն կրեց: Լավ հանդես եկավ նաեւ ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը: Նա բավական ուժեղ մրցակցի հանդիպեց 1/64 եզրափակիչում: Ամեն դեպքում մեր սուսերամարտիկները արժանի մասնակցություն ունեցան եւ արեցին այն, ինչ նրանց հնարավորությունների սահմանում էր»,- նշեց Ալիկ Նավասարդյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։