Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է ընկերացել Հենրիխ Մխիթարյանի հետ

14:08   17 ապրիլի, 2018

«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ու ընկերացել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«2012-ի դեկտեմբերին ես Դոնեցկում էի «Շախտյոր» - «Յուվենտուս» խաղի համար: Խաղից հետո գնացի այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր «Յուվենտուսը»: Տեսնում եմ, որ աստիճաններով գալիս է Մխիթարյանը: Երբեք չեմ ամաչել մոտենալ եւ ծանոթանալ: Բղավեցի՝ «Հենրիխ», հետո մոտեցա եւ ծանոթացա: Նա ասաց, որ լսել է իմ մասին: Ես այդ ժամանակ աշխատում էի «НТВ-Плюс»-ում ու «Радио Спорт»-ում:

Նա միանգամից շատ պարզ տղա թվաց ինձ: Նա չասեց, որ զբաղված է, եւ մենք զրուցեցինք ու փոխանակվեցինք հեռախոսահամարներով: Մի քանի օրից մենք փոխանակվում էինք հաղորդագրություններով եւ նորմալ հաղորդակցվում ենք այդ ժամանակվանից: Չեմ կարող ասել, որ մենք անմիջական ընկերներ ենք, սակայն մենք մտերիմ ենք: Երբ ես մեկնում էի Դորտմունդ կամ Մանչեսթեր, նա միշտ շատ հյուրընկալ էր գտնվում:

Ըստ ինձ՝ Մխիթարյանն օրինակ է ոչ միայն հայ ֆուտբոլիստների համար, այլեւ ռուս: Նա «Այաքսի» կամ «Ֆեյենորդի» ակադեմիայից չէ, նա «Փյունիկ» ակումբի սան է: Նա ինքն է նպատակ դրել իր առջեւ եւ հասել դրան՝ անցնելով շատ դժվարությունների միջով: Նա պատմում էր, որ շատերը չէին հավատում իրեն, սակայն նա «Մետալուրգով» ու «Շախտյորով» հասավ եվրոպական առաջատար ակումբներ: Ես հաստատ գիտեմ, որ երբ Հենրիխը խաղում էր «Շախտյորում», շատերը նրան ցանկանում էին բերել Ռուսաստան, սակայն նա չգնաց դրան: Չնայած հույս ունեմ, որ վաղ թե ուշ նա խաղալու է Ռուսաստանում»,- ասել է հայ մեկնաբանը sports.ru-ի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջնամասում Նոբել Առուստամյանն ու «Матч ТВ»-ի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին վավերագրական ֆիլմ էին նկարահանել Հենրիխ Մխիթարյանի մասին: Այդ ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։