Լատվիայի հավաքականի հայ ֆուտբոլիստ. Հայաստանն իմ հայրենիքն է, որը շատ սիրում եւ արժեւորում եմ

23:23   14 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի եւ Յուրմալայի «Սպարտակի» կիսապաշտպան Էդգար Վարդանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակի մասին, գնահատել է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:

2017թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Էդգար Վարդանյանը առողջական խնդիրներ ունի:

Ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակն այժմ:

Հիմա կայուն է, կազդուրվում եմ, բայց դեռ բժիշկների հսկողության տակ եմ: Ամեն շաբաթ լինում եմ հիվանդանոցում եւ ստուգվում եմ:

Շարունակում ե՞ք մարզվել: Պատմեք Ձեր ծրագրերի մասին:

Փետրվարից սկսել եմ մարզվել մարզասարքերով: Այժմ աստիճանաբար սկսում եմ աշխատել թիմի հետ: Բոլորի հետ անցկացնում եմ նախավարժանքը: Հույս ունեմ վերականգնվել հունիսին: Եթե ոչ մի խնդիր չծագի, ապա դա հնարավոր է:

Ե՞րբ եք եղել Հայաստանում եւ ի՞նչ նպատակով:

2007 թվականին եմ եղել Հայաստանում: Ընտանիքիս հետ հյուր էինք եկել բարեկամներիս: Ծնողներս կարողանում եմ ավելի հաճախ լինել հայրենիքում: Կցանկանայի ամռանը այցելել, երբ տաք է, բայց միշտ զբաղված եմ լինում թիմի հետ:

Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի ազգային հավաքականի խաղերին: Առաջարկ ստացե՞լ եք Հայաստանի թիմից:

Հետեւում եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Դիտել եմ նախորդ երկու ընկերական հանդիպումները Էստոնիայի եւ Լիտվայի հետ: Անհաջող հանդիպումներ էին: Սակայն դա նորմալ է, երբ ընկերական խաղերում մարզիչը դիմում է խաղացողների ռոտացիայի: Դա կարող է ազդել արդյունքի վրա: Հույս ունեմ, որ ապագայում թիմը կհաղթի եւ հաջողություն եմ մաղթում Ազգերի լիգայում:

Հայաստանի հավաքականից հրավեր ստացել էի, սակայն որոշեցի, որ սխալ կլինի ընդունել այն, քանի որ որպես ֆուտբոլիստ ձեւավորվել եմ Լատվիայում: Հասկանալի է, որ Հայաստանն իմ հայրենիքն է, որը շատ սիրում եւ արժեւորում եմ: Բայց նաեւ պետք է փոխեի եվրոպական անձնագիրս, քանի որ այստեղ երկքաղաքացիություն ստանալ չի ստացվում:

Հետեւո՞ւմ եք հայ ֆուտբոլիստների մրցելույթներին:

Ինչքան հնարավոր է, հետեւում եմ: Երբեմն զրուցում եմ Արտյոմ Սիմոնյանի հետ: Հետեւում եմ նաեւ Հայաստանի առաջնության արդյունքներին: Շատ հպարտ եմ Հենրիխ Մխիթարյանի համար, ուրախ եմ, որ ազգային հավաքականն ունի Անգլիայում հանդես եկող առաջատար: Իսկական հաճույք է հետեւել նրա խաղին: Նա լավ օրինակ է:

Աստղիկ Ադամյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.