Զիդան. Չեմ կարծում, որ Բուֆոնն արժանի էր կարմիր քարտի

14:40   12 ապրիլի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանելով Թուրինի «Յուվենտուսից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, անդրադարձել է հանդիպման վերջնամասում տեղի ունեցած դրվագին, որը վճռեց դիմակայության ելքը:

«Չեմ կարծում, որ Բուֆոնն արժանի էր կարմիր քարտի, սակայն արդեն ոչինչ չես փոխի: Այդ դրվագը չի փոխում այն ամենը, ինչի նա հասել է կարիերայի ընթացքում: Բուֆոնը մեծագույն ֆուտբոլիստ է, եւ այդպիսին կլինի միշտ: Հույս ունեմ, որ նա կխաղա նաեւ հաջորդ տարի, եւ որ սա նրա վերջին հանդիպումը չէր կարիերայում:

Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա ես չտեսա այդ դրվագը: Սակայն ինձ ասացին, որ 11 մետրանոց կար: Մրցավարը նշանակեց, իսկ որոշումն արդեն հնարավոր չէ փոխել: Կարծում եմ՝ 11 մետրանոց կար այդ դրվագում: Մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, եւ ես կնախընտրեի խոսել այդ մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել Իտալիայի չեմպիոնի դարպասին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Չեմպիոնների լիգայում 40-ամյա Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։