«Յուվենտուս» - «Ռեալ»․ Մարզիչների կարծիքները

13:42   4 ապրիլի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով․

Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»)․ «Երբ խաղում ես «Ռեալի» դեմ, հարկավոր է մի քիչ հաջողություն։ Առաջին հերթին, որ Ռոնալդուն անցկացրած լինի վատ գիշեր։ «Յուվենտուսը» շատ պասիվ էր առաջին խաղակեսում, իսկ հետո մենք սկսեցինք համեմատաբար ավելի լավ խաղալ։ Ես հիասթափված եմ երրորդ գոլից, քանի որ մենք պետք է պահպանեինք «Ռեալի»՝ 2 գոլի առավելությունը, որպեսզի փորձեինք հրաշքի հեղինակ դառնալ Մադրիդում։ Կարծում էի, որ մեր խաղը կատարելագործվել է նախորդ տարվա եզրափակիչից հետո։ Սակայն, երբ «Յուվենտուսը» մնաց 10 խաղացողներով, իսկ Ռոնալդուն խփեց անհավանական գոլ, հասկացա, որ դա հնարավոր չէ»։

Զինեդին Զիդան («Ռեալ») «Արտագնա խաղում «Յուվենտուսին» 3 գոլ խփելը հեշտ չէ։ Մենք անցկացրինք հրաշալի խաղ, սակայն մրցակիցը եւս լավ հանդես եկավ։ Թուրինցիները ճնշում էին գործադրում մեր դարպասին եւ ստեղծում գոլային պահեր, սակայն «Ռեալն» ավելի լավ օգտագործեց իր հնարավորությունները։ Իհարկե, «Յուվենտուսը» չի կարող գոհ լինել այս արդյունքից, սակայն այդ ակումբը միշտ կլինի իմ սրտում։

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա նման չէ մյուսներին։ Ռոնալդուն միշտ ունի Չեմպիոնների լիգայում անհավանական ինչ-որ բան անելու ցանկություն։ Նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով»,- փոխանցում է Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Թուրքինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Մադրիդում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։