Champion's Day․ Միհրան Հարությունյան

09:11   30 մարտի, 2018

NEWS.am Sport Champion's Day նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2009թ. աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն, 2011թ. Ռուսաստանի չեմպիոն, 2013թ. Հայաստանի չեմպիոն, 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն է: Մարզական կարիերայում 29-ամյա ըմբիշը 2 անգամ ընգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Երեւանի պատվավոր քաղաքացի:

Միհրան Հարությունյանը բնակվում է Մոսկվայում, իսկ հաղորդման նկարահանումների ընթացքում կնոջ՝ Մակտինա Հարությունյանի հետ գտնվում էր Երեւանում:

Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Այս շրջանում Միհրան Հարությունյանը պատրաստվում է խառը մենամարտերում իր առաջին մրցելույթին, որը Երեւանում կայանալու է մայիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Չնայած Հայաստանում ծրագրված մարզումներ չկան, բայց հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածում էլ Միհրանը բաց չի թողնում մարզումները: Հաղորդաշարի նկարահանումների ընթացքում մարզումային գործընթացն անցավ դրսում:

Միհրան Հարությունյանի առօրյան շատ հագեցած է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում՝ մարզումներ, հանդիպումներ եւ պարտադիր այցելություն եկեղեցի:

Champion's Day նախագիծը կշարունակի պատմել հայ չեմպիոնների մարզումների, առօրյայի, չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին:



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։