Դարպասապահներ Դե Խեան, Ռեյնան ու Տեր Շտեգենը դժգոհ են ԱԱ-2018-ի գնդակի որակից

21:36   24 մարտի, 2018

Իսպանիայի հավաքականի դարպասապահներ Դավիդ Դե Խեան ու Պեպե Ռեյնան եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Էնդրե Տեր Շտեգենը դժգոհել են հունիս-հուլիսին Ռուսաստանու կայանալիք աշխարհի առաջնության պաշտոնական գնդակից, փոխանցում է իսպանական AS-ը:

«Այս գնդակի հետ կապված շատ խնդիրներ կունենան դարպասապահները: Այն իսկապես շատ տարօրինակ է: Այն կարող էին շատ ավելի լավ պատրաստել»,- ասել է Դե Խեան:

«Վստահ եմ, որ այս գնդակի պատճառով աշխարհի առաջնությունում առնվազն 35 գոլ կխփեն հեռվից կատարած հարվածներով: Այս գնդակի հետ հնարավոր չէ աշխատել: Այն ծածկված է պլաստիկե թաղանթով, որի պատճառով բարդ է բռնել: Այս թերությունը պետք է շտկել, քանի դեռ ժամանակ կա»,- ասել է Ռեյնան:

«Գնդակն ավելի լավը կարող էր լինել: Բայց կարծում եմ, որ ստիպված ենք լինելու հարմարվել: Այլ ընտրություն չունենք»,- նշել է Տեր Շտեգենը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։