Հայաստանի ուժեղագույն հեծանվորդը տեղափոխվել է ԱՄՆ

20:42   19 մարտի, 2018

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը պայմանագիր է կնքել ԱՄՆ–ի Velo Pasadena Racing team ակումբի հետ: Մարզիկը տեղափոխվել է Միացյալ Նահագներ, բայց շարունակելու է պայքարը Տոկիո-2020–ի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար Հայաստանի հավաքականի կազմում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լոս Անջելեսից ասաց Էդգար Ստեփանյանը:

«Հրավերը ստացել եմ Velo Pasadena ընկերության կողմից, որն ունի նաեւ հեծանվասպորտի ակումբ: Ակումբի թիմը այստեղ ԱՄՆ-ում մասնակցում է առաջին եւ երկրորդ կարգի մրցումների, որոնք ամենաբարձրն են համարվում ակումբային մրցաշարերում: Ինձ համար սա մեծ հնարավորություն է, քանի որ յուրաքանչյուր շաբաթ մրցումներ կան, մեկնարկների եմ դուրս գալու: Մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն է, անդադար մրցումներ են: Այսպիսի նպատակ էլ ունեի, որ որեւէ արտասահմանյան ակումբում հանդես գամ:

Դեռեւս միայն 6 ամիս կարող եմ այստեղ գտնվել: Ինձ ԱՄն տեղափոխվելու հարցում շատ օգնեց հեծանվային սպորտի ֆեդերացիան: Ես ակումբում համատեղ կնախապատրաստվեմ նաեւ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, աշխարհի գավաթի խաղարկություններին: Բոլոր պայմաններն այստեղ ինձ համար ստեղծված են՝ ակումբն արդեն ինձ տրամադրել է մարզահագուստ, մարզագույք, բնակարան: Պետք է միայն կենտրոնանամ իմ մարզումների եւ մեկնարկների վրա: Այստեղ ես մենակ եմ, անձնական մարզիչս՝ Արմեն Գյոզալյանը, Հայաստանում է: Մարզվելու եմ շաբաթը 6 օր, որոնցից 2-ը մրցումների օրեր են լինելու:

Velo Pasadena ընկերության սեփականատերը Հրաչ Գեւրիկյանն է: Հրավերը եղել է նրա կողմից»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Ամերիկյան ակումբում Հայաստանի առաջատար հեծանվորդը մարզումները կսկսի մարտի 20-ից:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.