Նեմանյա Մատիչ. Մոուրինյոյի հետ բարդ է աշխատել

23:11   19 մարտի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոստովանել է, որ անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքը հեշտ չէ։ Մատիչը Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել նաեւ Լոնդոնի «Չելսիում»։

«Շատ մարզիչներ եմ ունեցել, բայց Մոուրինյոն առանձնահատուկ է։ Նա ցանկանում է միշտ հաղթել։ Երբ մենք կորցնում ենք վերահսկողությունը խաղի նկատմամբ, մարզիչը չի կարողանում համակերպվել դրա հետ։ Հավանաբար, հենց այդ պատճառով է նա կարիերայի ընթացքում նվաճել ավելի քան 20 տիտղոս։

Մոուրինյոյի հետ բարդ է աշխատել, քանի որ ամեն անգամ ավելին է պահանջում ֆուտբոլիստներից։ Նույնիսկ եթե նա նվաճի Պրեմյեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, հաջորդ տարի կցանկանա կրկնել հաջողությունը։ «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Չելսիում» պետք է պատրաստ լինել մեծ ճնշման։

Վստահ եմ, որ մենք կվերադառնանք Չեմպիոնների լիգա ավելի ուժեղ, մենք դեռ շատ խնդիրներ ունենք։ Պրեմյեր լիգայում միշտ էլ բարդ է մնալ լավագույն քառյակում, քանի որ բոլոր թիմերն էլ ուժեղ են։ Պետք է պայքարենք մինչեւ վերջին տուրը։ Հիմա երկրորդն ենք, եւ հույս ունեմ, որ մենք չենք նահանջի։ Նաեւ կարեւոր է Անգլիայի գավաթի խաղարկությունը։ Հույս ունենք, որ կնվաճենք այդ տիտղոսը»,– Մատիչի խոսքը մեջբերում է SportsMole–ը։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» 30 տուրից հետո 16 միավորի առավելություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Երրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» «Մանչեսթեր Յունայթեդից» հետ է 2 միավոր, սակայն 31 խաղ է անցկացրել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։