Հավակնորդների մրցաշար. Ուեսլի Սո vs Լեւոն Արոնյան

09:59   16 մարտի, 2018

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 16-ին տեղի կունենա 6-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկ հետ, սեւերով հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին ու սպիտակներով պարտվել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին։

Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Կարուանա՝ 3.5, Կրամնիկ, Մամեդյարով՝ 3-ական, Արոնյան, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 2.5-ական, Կարյակին, Սո՝ 1.5-ական:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։