Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (ֆոտո)

22:12   13 մարտի, 2018

Պարտվեցի IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտու համար մենամարտում, քանի որ աֆղանցի բռնցքամարտիկն անհարմար մրցակից էր: Ի սկզբանե չէի ցանկանում նրա հետ մենամարտել, բայց մեր պրոմոուտեարական ընկերությունում կա մի մենեջեր, ում հետ ընդհանուր լեզու չենք գտնում, եւ նա միտումնավոր ինձ մրցակից գտավ այս չմենամարտող բռնցքամարտիկին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում Գերմանիան ներկայացնող 34-ամյա Արման Թորոսյանը, ով Գերմանիայի Գյուտերսլոհ քաղաքում կայացած մենամարտում պարտվել է աֆղանցի Ջամա Սաիդիին:

Պրոֆեսիոնալ ռինգում սա Արման Թորոսյանի առաջին չեմպիոնական մենամարտն էր (19 հաղթանակ`16 նոկաուտ, 4 պարտություն եւ 1 ոչ ոքի):

Արման, ի՞նչը չբավարարեց գոտին նվաճելու համար:

Պարտվեցի միավորներով: Այնքան զայրացած էի, որ չհետաքրքրվեցի էլ միավորների ինչ տարբերությամբ եմ պարտվել: Նա քաշով ծանր էր եւ մինչեւ մենամարտը մեծ քաշ էր գցել: Չմենամարտող բռնցքամարտիկ էր, պարբերաբար գրկախառնվում էր, մոտ տարածության վրա էր աշխատում, գլուխը կախում, որպեսզի ինձ թույլ չտար ես հարվածեմ: Տպավորություն էր, որ նրանք հատուկ պատրաստվել էին, այդօրինակ մենամարտ անցկացնելու համար, որ ամեն ինչ աներ իմ հարվածները կասեցնելու համար: Մենամարտը դիտարժան չստացվեց: Չկարողացա իմ հնարավորությունները ցուցադրել, ոսկե միջինը գտնել:

Շատ էի ուզում հաղթել, իմ քաղաքում էր, որտեղ ես մեծացել եմ, իմ ժովորդի առջեւ, ամբողջ մարզադահլիճն ինձ էր երկրպագում: Նման էներգիա, այդքան շատ էմոցիաներ երբեք հանդիսատեսից չէի ստացել, երբ մտա ռինգ, ամբողջ դահլիճն անունս էր վանկարկում: Ցավալի էր, որ պարտված իջա ռինգից: Շատ լավ պատրաստված էի, ամեն ինչ անում էի, որ նոկաուտով ավարտեի: Բայց այնքան անհետաքրքիր բռնցքամարտ ստացվեց, մինչեւ 12-րդ ռաունդ ձգվեց, միավորներով էլ նա առաջ ընկավ:

Նոկաուտի հնարավություն ունեի՞ր:

Բացարձակ. նա անդադար փախչում էր ինձանից: Արդեն ասել էի, որ ես այդքան էլ լավ տեխնիկա չունեմ ռինգում, ես հարվածող բռնցքամարտիկ եմ: 12 ռաունդ ընկել էի նրա հետեւից, որ հարվածեի: Մի հարվածս հասնում էր նպատակին, նա անմիջապես փախչում էր, ես էլ զայրացած, վազում էի ռինգում հետեւից, որ բռնեի, հարվածեի, նա այդ պահերին փաթաթվում էր ինձ, գլուխը կախում էր եւ կանխում հարվածս: Չէր թողնում բռնցքամարտեի: Նա բռնցքամարտի դպրոց չէր անցել, սիրողականում հանդես չէր եկել, միանգամից պրոֆեսիոնալով է սկսել, բայց ինձ համար նա չմենամարտող բռնցքամարտիկ էր:

Թո՞ւյլ բռնցքամարտիկ էր:

Ոչ թույլ չէր, չեմ ասում, թե լավ բռնցքամարտիկ չի. պինդ տղա էր: Նա միտումնավոր թույլ չէր տալիս, որ ես բռնցքամարտ անեմ: Գուցե աշխարհի չեմպիոնի հետ մենամարտես, պարտվես, բայց ինչ-որ տեղ քեզ լավ զգաս, որ գեղեցիկ, դիտարժան մենամարտ ես անցկացրել: Իսկ Ջամա Սաիդիի նման բռնցքամարտիկները խանգարում են, իմանալով, որ նոկաուտ անող մարզիկ ես, հարվածող ես: Իսկ երբ ռինգում ես, պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունես բավական լավ վարկանիշ ու չես կարողանում քո առավելագույնը ներդնել,  գրկախառնումներով մենամարտ ես անցկացնում, մասնավորապես, հային բնորոշ տաքարյուն ես, այդ ամենը քեզ հունից հանում է:

Համաձա՞յն ես պարտությանդ հետ:

Մրցավարների որոշման հետ համաձայն եմ: Պարտվել եմ, իրավունք էլ չունեմ ասել՝ ես հաղթեցի, ինձ միավորները չտվեցին: Ես չէի կարողանում մենամարտել: Նա հարվածում էր ու փախնում, միավորներ վաստակում, ես չէի հասցնում հարվածել: Միայն համաձայն չեմ, որ իմ մրցակիցը պետք է այս բռնցքամարտիկը լիներ: Նոյեմբերից մեկ տարով նոր պայմանագիր եմ կնքել Agon Sport Event պրոմոուտերական կազմակերպության հետ, որի գերմանացի մենեջերներից մեկի հետ ընդհանուր լեզու չեմ գտնում. ես նրան չեմ սիրում, նա էլ ինձ: Մրցակիցների ընտրության հարցով նա է զբաղվում: Միտումնավոր ինձ այս աֆղանացուն մրցակից ընտրեց, քանի որ գիտեր՝ ես հարվածող, բռնցքամարտող մարզիկ եմ, իսկ նա չմենամարտող է: Ես նախքան մենամարտը նրան ասացի էլ, որ չեմ ցանկանում այդպիսի բռնցքամարտիկի հետ ռինգ դուրս գալ, որ աֆղանացին լավ բռնցքամարտ չի անում, հարմար մրցակից չի եւ գուցե ես չհաղթեմ այս մենամարտում: IBF Եվրոպայի չեմպիոնի գոտու մենամարտը մենք էինք գնել, մենք էինք հայտ ներկայացրել այս գոտու համար, եւ մենք կարող էինք ընտրել այն մարզիկին, ում ուզում էինք: Այդ մենեջերը, ով ոչ միայն իմ, այլեւ մեր մյուս շատ հայ ուժեղ բռնցքամարտիկներին այսպիսի ծուղակ է պատրաստում, արեց այնպես, ինչպես ինքն է ուզում, քանի որ նա չի ցանկանում, որ ես հաղթեմ:  Պատրաստվում եմ հրաժարվել նրա հետ աշխատելուց, այլ կերպ չի կարող լինել: Եթե նա շարունակի մնալ, մենք՝ հայերս, ոչնչի չենք հասնի պրոֆեսիոնալ ռինգում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։