Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը կիսում է 4-5-րդ տեղերը

00:19   11 մարտի, 2018

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում ոչ ոքի ավարտվեց միայն հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի եւչինացի Դին Լիրենի պարտիան:

Մյուս դիմակայություններում աշխարհի չեմպիոնի նախորդ հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը սպիտակներով պարտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Ուեսլի Սոյի պայքարում ուժեղ էր սպիտակներով հանդես եկած Կարուանան: Ռուսական դիմակայությունում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով ուժեղ էր Ալեքսանդր Գրիշչուկից:

Մարտի 11-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, Գրիշչուկը՝ Սոյի, Դին Լիրենը՝ Կարուանայի, Կրամնիկը՝ Կարյակինի հետ:

Հավակնորդների մրցաշար, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը. Կարուանա, Կրամնիկ, Մամեդյարով՝ 1-ական միավոր, Արոնյան, Դին Լիրեն՝ 0.5-ական, Սո, Գրիշչուկ, Կարյակին՝ 0-ական:

Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։