IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի հավակնորդ Արման Թորոսյան. Ինձ շատ է օգնել Արթուր Աբրահամը (ֆոտո)

16:30   10 մարտի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում Գերմանիան ներկայացնող 34-ամյա Արման Թորոսյանը մարտի 10-ին Գերմանիայի Գյուտերսլոհ քաղաքում կանցկացնի իր առաջին չեմպիոնական մենամարտը IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտու համար: Մենամարտը SKY Sport հեռուստաընկերությամբ մեկնաբանելու է Արթուր Աբրահամը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց Արման Թորոսյանը: Նա պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր 25-րդ մենամարտը (19 հաղթանակ`16 նոկաուտ, 3 պարտություն եւ 1 ոչ ոքի):

Արման, ի՞նչ մարզավիճակում ես եւ ինչպե՞ս ես տրամադրված պրոֆեսիոնալ ռինգում առաջին չեմպիոնական մենամարտիդ: 

Մենամարտելու եմ IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Մրցակիցս ա Գերմանիայում ծնված եւ այստեղ ապրող 24-ամյ աֆղանցի Ջամա Սաիդին է: Ունի 11 մենամարտ՝ բոլորն էլ հաղաթանակով: Կռվող բռնցքամարտիկ է, թույլ չէ: IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտու համար պայքարող բռնցքամարտիկներին ընտրում է IBF-ը, այդ պատճառով պատահական բռնցքամարտիկներ չեն կարող պայքարի մեջ մտնել: Այժմ IBF-ի գոտին ազատ է, որեւէ մեկին չի պատկանում, երկուսս էլ պետք է փորձենք նվաճել այն:

Մարզավիճակս լավ է, մարտական եմ տրամադրված: Լավ նախապատրաստական փուլ եմ անցել: Մարզվում եմ Բեռլինում: Նախկինում մարզվում էի Արթուր Աբրահամի հետ, բայց 2017 թվականի նոյեմբերին նոր պայմանագրի առաջարկ ստացա, որը շատ հարմար էր ինձ: Իսկ մինչ այդ շուրջ 4 տարի մարզվեցի Արթուր Աբրահամի եւ նրա մարզիչ Ուլի Վեգների հետ: Այժմ Տորսթեն Շմիտցն է իմ մարզիչս, ով շատ հայտնի է Գերմանիայում: Ի դեպ, նախկինում նա աշխարհի առաջնություններում 3 անգամ ռինգում հանդիպել է աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի հետ, 3 անգամն էլ պարտվել է:

Իսկ ինչպե՞ս դարձար բռնցքամարտիկ:

Ծնվել եմ Հայաստանում: Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Երեւանում՝ 7 տարեկանից, Մալաթիայի գիշերօթիկ դպրոցում: Մի օր այդ դպրոցի կողքով անցնում էի, տեսա, որ մարզումներ են անում, կանգնեցի մինչեւ վերջ դրսից հետեւցի մարզումներին: Տարիքով մարդ մոտեցավ ինձ, ասաց, որ ցանկության դեպքում ես էլ կարող եմ հաճախել մարզումների: Հետագայում այդ մարդը դարձավ իմ մարզիչը՝ ազգանունը Ասլանյան էր: Այդպես սիրահարվեցի բռնցքամարտին: 1997 թվականին ընտանիքով տեղափոխվեցինք Գերմանիա, շարունակեցի զբաղվել բռնցքամարտով: Սիրողական բռնցքամարտում 117 մենամարտ եմ ունեցել, եղել եմ Գերմանիայի մեծահասակների հավաքականի անդամ: Հետո ծանոթացա Արթուր Աբրահամի հետ, մտերմացանք, սկսեցի մարզվել Բեռլինում:

Ինչպե՞ս եղավ անցումը սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ:

Արթուր Աբրահամի շնորհիվ... Երբ ծանոթացա նրա հետ, եկա Զաուրլանդ, որտեղ մարզվում էր Արթուրը, սփարինգներում օգնում էի նրան: Ինձ գրավեց պրոֆեսիոնալ ռինգը: Արթուրն ինձ շատ օգնեց պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու հարցում եւ այդպես էլ չվերադարձա սիրողական: Առաջին պրոֆեսիոնալ մենամարտս անցկացրել եմ 24 տարեկանում: Ինձ շատ է օգնել Արթուրը, նրա մարզիչ Ուլի Վեգներն է եղել իմ մարզիչը: Արթուր Աբրահամի բոլոր մենամարտերին ներկա եմ եղել, նա շատ ուժեղ է՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Այստեղի բռնցքամարտիկները կերազեն ռինգում նրա չափ ուժ, փորձ ունենան: Շատ հաճելի էր ինձ նրա հետ աշխատելը: Մենք շատ մտերիմ ենք, այդ թվում եւ ընտանիքներով: Այսօրվա մենամարտս Sky Sport News-ով հենց նա է մեկնաբանելու, ինչի համար հպարտ եմ: Արթուր Աբրահամի տեխնիկան ինձ հարազատ է, բայց իրականում ես այդքան էլ լավ տեխնիկա չունեմ, ավելի շատ ուժային է: Ձգտում եմ իմ մենամարտերն ավարտել հիմնականում նոկաուտով, 16 նոկաուտով հաղթանակ ունեմ, որոնցից 11-ը հենց առաջին ռաունդում: Իմ քաշային կարգում ասում են, որ ձախ հարվածս շատ հզոր է: Մրցակիցներս սովորաբար զգուշանում են իմ ձախ հարվածից: Իմ բոլոր նոկաուտներն էլ ձախով են եղել:

Եթե այս գոտին նվաճեմ, կկարողանամ աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտել, նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։