Հայաստանի հավաքականի 2 բասկետբոլիստներ տեղափոխվել են «Արթիկ», մյուս ակումբներում եւս կան համալրումներ

18:47   1 մարտի, 2018

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստներ Ամիրան Ամիրխանովը ու Անդրեյ Կոնստանտինովը միացել են Հայաստանի «Ա» լիգայում հանդես եկող «Արթիկ» ակումբին, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Ամիրան Ամիրխանովը ծնվել է 1986 թվականի փետրվարի 27-ին Ռուսաստանում։ Նա նախկինում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, այդ թվում՝ ԲԿՄԱ-ում, «Ունիկսում» եւ «Սուրգուտում»: Ազգային հավաքականի կազմում Ամիրխանովը նորամուտը նշել է 2016 թվականին:

Անդրեյ Կոնստանտինովը ծնվել է 1995 թվականի հուլիսի 12-ին Ռուսաստանի Ռոստով քաղաքում: Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը եղել է ՎՏԲ ուսանողական լիգայում հանդես եկող «Բարսը»:

Ամիրան Ամիրխանովը եւ Անդրեյ Կոնստանտիովը ռուսական Սուպերլիգայում հանդես են եկել նաեւ «Ուրարտուի» ակումբում: 2016 թվականին նրանք Հայաստանի հավաքականի հետ դարձել են Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

«Ա» լիգայում հանդես եկող «Ինժեները», «Գրանդ Սպորտը» եւ «Շիրակը» եւս համալրվել են նոր խաղացողներով։

«Ինժեներին» միացել են սերբ բասկետբոլիստ Ֆիլիպ Չոսիչը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ռաֆիկ Ուզունյանը: «Ուրարտուից» «Ինժեներ» է տեղափոխվել նաեւ Արամայիս Մայիլյանը:

«Գրանդ Սպորտին» միացել է ամերիկահայ Ալեքս Մկրտչյանը, իսկ Նարեկ Ազարյանը եւ Խաչատուր Ավագյանը համալրել են «Շիրակը»:

«Ուրարտուի» կազմը համարել է ռուս բասկետբոլիստ Արտյոմ Ալտունինը: Նա հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, իսկ նախորդ թիմը եղել է «Տոբոլսկը», որի կազմում նա անցկացրել է 25 հանդիպում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։