Հենրիխ Մխիթարյան․ Հիմա հեշտ ժամանակներ չեն «Արսենալի» ու Վենգերի համար

14:30   1 մարտի, 2018

«Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղից առաջ զորակցության խոսքեր է ասել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հասցեին։

«Հիմա հեշտ ժամանակներ չեն «Արսենալի» համար, սակայն մենք այստեղ ենք թիմին օգնելու եւ թոփ մակարդակ վերադարձնելու համար։ Գիտեմ, որ դա անելը հեշտ չէ, բայց մենք կփորձենք եւ կանենք հնարավոր ամեն բան։

Հաճելի է աշխատել Արսեն Վենգերի հետ։ Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին եւ կարող է լավ խորհուրդ տալ քեզ։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։

Իհարկե, հիմա հեշտ ժամանակներ չեն նաեւ Վենգերի համար, սակայն մենք պետք է խաղանք ակումբի ու նրա համար, քանի որ մարզիչն է ստեղծել այս թիմը։ Վենգերը կարեւոր մարդ է այս ակումբում, եւ մենք կանենք առավելագույնը եւ ցույց կտանք, որ պատրաստ են պայքարել նրա համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ փետրվարին Մխիթարյանը «Արսենալի» կազմում մասնակցել է 4 խաղի եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մարտի 1-ին Լոնդոնում կայանալիք «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին: Օրեր առաջ «Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում առանց Հենրիխ Մխիթարյանի 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։