Ալբանիայի հավաքականի մարզիչ․ Հայաստանն ունի շատ լավ թիմ ու բարձր որակներով խաղացողներ

23:05   25 փետրվարի, 2018

Բասկետբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիոս Դուկասը մեկնաբանել է 2021թ․ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի երրորդ տուրի խաղում Հայաստանի թիմից կրած արտագնա պարտությունը 65։84 հաշվով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին լավ հաղթանակի եւ գեղեցիկ խաղի կապակցությամբ: Հայաստանի հավաքականն այսօր ցուցադրեց շատ լավ խաղ: Մենք խաղը սկսեցինք հաջող, բայց հետո պատահեց այն, ինչ սպասում էինք: Մենք այս խաղին եկել էինք առանց մեր երկու լավագույն խաղացողների: Մենք ունենք թոփ խաղացողներ, ովքեր թիմի հետ չէին այսօր, բայց չեմ ցանկանա այդ փաստը մեր պարտության հիմնական պատճառ որակել: Մենք փորձեցինք, ունեցանք լավ ռեբաունթներ եւ այս արդյունքը գնահատում եմ նորմալ: Կարծում եմ` մեզ համար շատ բարդ կլինի հաղթահարել որակավորման փուլը, քանի որ պարտվել ենք 3 խաղերում, բայց պետք է ամեն ինչ անենք իրավիճակը շտկելու համար:

Հայաստանի հավաքականի մասին կասեմ, որ ունեք շատ լավ թիմ, բարձր որակներով խաղացողներ։ Նույնիսկ Ռայան Բոաթրայթի բացակայության պայմաններում Հայաստանի թիմն այսօր շատ լավ խաղ ցուցադրեց: Երբ Բոաթրայթը թիմի կազմում էր, Ալբանիայում պարտվեցինք 18 միավորի տարբերությամբ, իսկ այսօր առանց նրա Հայաստանն առավելության հասավ 20 միավորով»,- ասաց Անտոնիոս Դուկասը:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեկ խաղ պակաս անցկացրած դանիացիներն ունեն 4 միավոր, իսկ 3 պարտություն կրած Ալբանիան՝ 3։

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով մեկ հավաքական:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։