Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ

20:42   25 փետրվարի, 2018

Բասկետբոլի 2021թ․ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի երրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Ալբանիայի թիմին եւ վստահ հաղթանակ տարավ 84։65 հաշվով։  

Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած խաղում Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմն ավելի ուժեղ գտնվեց բոլոր՝ 4 քառորդներում (22:20, 19:10, 24:21, 19:14):

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալին Հեսը, որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց 21 միավոր:

Խաղն անցավ լեփ-լեցուն տրիբունաներով։ Հայ բասկետբոլիստներին աջակցելու էին եկել նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ ակումբը։ Հանդիպման եզրափակիչ ազդանշանից հետո երկրպագուները տրիբունաներից իջան խաղահրապարակ եւ Հայաստանի հավաքականի բասկետբոլիստների հետ տոնեցին հաղթանակը:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեկ խաղ պակաս անցկացրած դանիացիներն ունեն 4 միավոր, իսկ 3 պարտություն կրած Ալբանիան՝ 3։

Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում Հայաստանի հավաքականը տանը պարտվել էր Դանիային (71։78) եւ արտագնա հաղթանակ տարել Ալբանիայի նկատմամբ (80։63)։ Հայ բասկետբոլիստները հաջորդ ընտրական խաղը կանցկացնեն հունիսի 28-ին՝ հյուրընկալվելով Դանիայի հավաքականին։

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով մեկ հավաքական:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։