Կիեւ․ Կարապետ Չալյանը հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսիմ Մանուկյանն անակնկալ պարտություն է կրել

12:41   25 փետրվարի, 2018

Կիեւում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցով) 77 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հանդիպել են Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը:

2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 2։0 հաշվով հաղթել է Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն Ջուլֆալակյանին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է իրանցի ըմբիշին։ Երեկոյան մրցահերթում Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանն ու Չալյանը հունվարի 28-ին հանդիպել էին նաեւ Հայաստանի առաջնության եզրափակիչում, որում հաղթել էր Կարապետը։ Դրանից հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը կմրցեն Կիեւի մրցաշարում, որտեղ նրանցից ուժեղագույնը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

87 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում անակնկալ պարտություն է կրել աշխարհի 2017թ․ չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։ Ադրբեջանցի Իսլամ Աբասովի դեմ գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ Մանուկյանը հաղթելիս է եղել 6։1 հաշվով, սակայն պարտվել է 6։9 հաշվով։ 80 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը եւս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ 

87 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաեւ Սարգիս Շահինյանը։ 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Արմեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Կիեւի մրցաշարում նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։