Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Ընկճվել էի, որ բոլորը ստացել են նոր դահուկներ, իսկ ես գնում եմ Օլիմպիական խաղերի եւ մարզագույք չունեմ

10:25   23 փետրվարի, 2018

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր: Նա փետրվարի 22-ին մասնակցեց հատուկ ոլորավայրէջքի մրցմանը եւ 108 մասնակիցների մեջ գրավեց 42-րդ տեղը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Կարապետյանը օլիմպիական Փհենչհանից պատմեց բարդ մրցելույթի, իր առաջին Օլիմպիական խաղերի եւ իր մարզագույքի շուրջ ծագած խնդրի մասին:

Աշոտ, ինչպե՞ս ես գնահատում արդյունքդ Օլիմպիական խաղերում:

Գոհ եմ այս արդյունքից: Շատ բարդ էր: Շատերը չկարողացան հասնել եզրագիծ: Որքան արագությունդ շատ էր, այնքան մրցուղուց դուրս մնալու հավանականությունը մեծ էր: Ես այնպիսի դիրք էի բռնել, որ ոչ շատ դանդաղ էր, ոչ` առավել արագ: Ինձ պետք չէր, որ ես դուրս թռնեի մրցուղուց: Այնպիսի լեռնադահուկորդներ էին արագության հետեւանքով դուրս թռնում մրցուղուց, որ ուղղակի զարմանալի էր: Երկու փորձ ունեցա, երկուսն էլ հաջողությամբ ավարտեցի, հաջողությամբ հասա եզրագիծ: Առաջին փորձից հետո նորվեգացի լեռնադահուկորդն առաջին տեղում էր, երկրորդ փորձից դուրս թռավ:

Ես այնպես էի ուզում անել, որ արդյունք ունենայի: Առաջին Օլիմպիական խաղերս էր, ես էլ տարիքով փոքր էի բոլորից, ցավալի կլիներ, եթե 0 արդյունքով ավարտեի առաջին մասնակցությունս: Նորմալ ստացվեց, գոհ եմ: Կարող էի ավելի լավ, բայց պետք չէր ռիսկի գնալ, քանի որ վստահ մեդալային պայքարի չէի գնա, բացի այդ 2-3 տեղով պետք է ընդամենը առաջ ընկնեի. այդ 2-3 տեղի համար չարժեր վտանգի տակ դնել մրցելույթս:

Ընդհանուր 108 մասնակից էր, ես մեկնարկի դուրս եկա 100-րդը: Ամենաուժեղ երկրները դուրս մնացին պայքարից: Բոլոր այն երկրների ներկայացուցիչները, որոնք ֆավորիտ էին համարվում, մեդալի լիարժեք հավակնորդ էին, չկարողացան հասնել եզրագիծ: Այնպիսի մակարդակի լեռնադահուկորդներ էին ինձ հետ դուրս եկել մեկնարկի, որ ես նրանցից մի քանի գլուխ ցածր էի ու դեռ շատ տարիների աշխատանք պետք է կատարեմ, որ հասնեմ նրանց մակարդակին, տեխնիկային: Այնքան, որքան արեցի, դա հնարավորություններիս սահմանն էր: Նախընտրեցի արդյունք ցույց տալ, քան գալ Օլիմպիական խաղերի եւ դուրս մնալ պայքարից:

Իսկ սպասո՞ւմ էիր նման արդյունքի:

Չէի սպասում, քանի որ մասնակիցների քանակը 100-ից ավելի էր: Շատ դժվար էր, մրցուղին շատ բարդ էր: Բոլորը ցնցվել էին, որ այսքան շատ մասնակիցների միջից միայն 43-ին հաջողվեց հասնել եզրագիծ: Ոչ ոք չէր սպասում, որ հնարավոր է՝ ուժեղագույնները չկարողանան մնալ մրցուղում, դուրս կմնան պայքարից, չհասնեն եզրագիծ: Անհավատալի էր, որ կարող էին չհասնել տեղ: Սառույցը շատ լավն էր, շատ արագ էր: Ես իմ մարզումների ժամանակ ավելի բարդ թեքություններով սառույցների վրա եմ մարզվել, այստեղ նույնպես բարդ էին թեքությունները, բայց սառույցն այնքան լավն էր, արագ էր, պինդ էր, որ թերեւս որեւէ մեկը չէր սպասում, որ ուղղակի դուրս կգան մրցուղուց: Ասեմ դեռ ավելին` ես 100-րդը դուրս եկա մեկնարկի եւ արդեն սառույցը մի փոքր քանդվել էր, արդեն փոսեր էին գոյացել: Ես ճիշտ ընկալեցի պահը եւ սահեցի իմ միավորների չափով, այնպես, որ հասնեմ եզրագիծ:

Այս Օլիմպիական խաղերից մեծ փորձ ձեռք բերեցի, ամենաուժեղների հետ շփվեցի, նրանց մարզումներին ականատես եղա, նրանց հետ մարզվեցի. մեծ փորձ ինձ տվեց:

Նոր մարզագույքդ ինչպիսի՞ն էր, քեզ դուր եկա՞վ:

Շատ լավն էր, ուրախ եմ, որ լավ մարզագույք ունեմ. ամենավերջին մոդելի դահուկներ են եւ կոշիկներ: Ափսոսում եմ, որ կռվի ու պայքարի արդյունքում այն ինձ հասավ: Եթե ավելի վաղ լիներ ինձ մոտ, ինչպես ինձ խոստացվել էր ֆեդերացիայի կողմից, ավելի շատ կմարզվեի, բայց չեմ ասում, թե ավելի լավ արդյունք ցույց կտայի: Գուցե 6, 8 տեղերով առաջ լինեի, բայց դրանից ոչ ավելի, քանի որ ես դեռեւս այսքանի եմ պատրաստ: Ավելի բարձր արդյունքների համար ավելի շատ պետք է մարզվեմ, ավելի շատ մեկնարկներ ունենամ: Բոլորն էլ գիտեին, որ ես այսքան եմ կարող: Փհենչհան գալուց առաջ էլ ասել էի, որ ես գալիս եմ հաջող մասնակցություն ունենալու համար, դեռ մեդալային պայքարի համար շատ պետք է աճել, մարզվել, քրտնել:

Եթե մինչեւ հաջորդ Օլիմպիական խաղերը կարողանամ նոր օլիմպիական մրցաշրջանն անցնել իմ ծրագրածով, իմ պատկերացրած մարզումային պլանով, արդեն հաջորդ Խաղերում, եթե ոչ մեդալային պայքարի, այլ ամենաքիչը լավագույն տասնյակում լինելու պայքար կտանեմ: Արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեմ, անձնական հովանավորներ, ովքեր կաջակցեն Հայաստանից դուրս մարզվելուս: Եթե կարողանամ տարվա ընթացքում 12 ամիս մարզվել, արդյունքներս բարձր կլինեն եւ մի օր էլ մենք մեդալի համար կպայքարենք: Այսօր ինձ հետ մեկնարկի դուրս եկած լեռնադահուկորդները տարին 12 ամիս են մարզվում, իսկ ես միայն 3 ամիս, երբ Ծաղկաձորում ձյուն է լինում:

Աշոտ, մարզագույքիդ հետ կապված աժիոտաժն իր արդյունքը տվեց, սակայն քննարկումները դեռ շարունակվելու են եւ դեռ ուսումնասիրվելու է, թե ինչու քեզ ժամանակին Հայաստանում չի հասել նոր մարզագույքը: Հայաստանում մարզիկները, սովորաբար, լռում են ծագած խնդիրների մասին: Մտավախություն չունե՞ս ֆեդերացիայի կողմիցկողմնակալ վերաբերմունքի արժանանալու:

Ես ասել ու բարձրաձայնել եմ այն, ինչն իրականությունն է. ոչինչ ոչ ավել, ոչ պակաս: Ինչ ասել եմ այստեղ, կրկնելու եմ նաեւ Հայաստանում, եթե դրա կարիքը լինի, եթե նկատեմ ընդգծված վերաբերմունք: Ես ֆեդերացիային պարզաբանել եմ, թե ինչու եմ այս ամենի մասին խոսել, ինչ եմ ասել: 3 ամիս մարզագույք եմ ուզում, ինչո՞ւ ինձ չի հասնում իմ գույքը: Այդքան լռեցի, բայց էլ որքա՞ն լռեի: Եթե պիտի այսքանից հետո իմ նկատմամբ սխալ վերաբերմունք լինի իմ խոսելու պատճառով, հավաքների չընդգրկեն, մրցաշարերի չտանեն, ուրեմն այդ թիմի մեջ չեմ մնա: Ես իմ խնդիրն եմ վերհանել, որեւէ մեկի նկատմամբ վատ վերաբերմունք, որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, որ այս միջադեպն օգտագործեի որեւէ մեկի դեմ: Իմ խնդիրն իմ գույքն էր, որն էլ եկավ-հասավ ինձ: Բայց ինձ չի թվում, որպես մարզիկ իմ նկատմամբ ընդգծված վերաբերմունք կլինի, չեմ կարծում, որ որեւէ մեկն ուզի երկրորդ անգամ այսպիսի պատմություն լինի: Իմ կարծիքով ավելի լավ ու ուշադիր կլինեն այսուհետեւ իմ նկատմամբ: Պատասխանատվությանս զգացումն էլ ավելի էր մեծացել այս պատմությունից հետո, որ անպայման արդյունք պետք է ունենամ, պետք է ապացուցեմ, որ ես կարող եմ:

Աշոտ, իսկ քո եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանի միջեւ տարաձայնություն կա՞:

Որեւէ խնդիր մենք չունենք: Ավելին, ես նրա հետ բացարձակ որեւէ կապ չունեմ, քանի որ իմ մարզիչն ինքը չէ, ինձ դահուկ տվողն ինքը չէ: Մենք միայն հադիպում ենք հավաքների ընթացքում: Այն, որ նա ասել էր այս շրջանում չի մեկնաբանի, քանի որ հոգեպես գուցե ընկճվեմ, պարզ կասեմ. այսքան քաշքշուկի մեջ ընկա, իմ մեջ արդեն շատ բան էր կոտրվել, ես միայնակ էի ու մտածում էի` ինչ անել, ինչպես անել… Մինչեւ Փհենչհան գալն արդեն ես հոգեբանորեն ընկճվել էի միայն այն փաստից, որ թիմում բոլորը ստացել են նոր դահուկներ, իսկ ես գնում եմ Օլիմպիական խաղերի եւ մարզագույք չունեմ: Բայց երբ դուրս եկա մեկնարկի, հասկացա, որ ինձ ոչինչ չպետք է խանգարի, ես կարող եմ հաջող ելույթ ունենալ, ես եկել եմ իմ երկիրը պատվով ներկայացնելու համար ու իրավունք չունեմ եզրագիծ չհատել: Ցավալի էր, որ կարդում էի տարբեր հոդվածներում, իբր ես թույլ եմ, Հարություն Հարությունյանն ինձանից ուժեղ էր: Բայց իրականում իմ միավորները նրանից բարձր էին, եւ ես վաստակել էի իմ աշխատանքով, իմ քրտինքով այս օլիմպիական ուղեգիրը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։