«Բարսելոնան» Մեսիի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից Լոնդոնում, «Բավարիան» շանս չտվեց «Բեշիկթաշին»՝ 5:0

01:35   21 փետրվարի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում  Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ընդունեց Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնային: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսում «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի հարվածներից հետո երկու անգամ «Բարսելոնային» գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

62-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի փոխանցումից հետո Վիլիանը հեռվից կատարած անհավանական հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Հյուրերը պատասխանեցին իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի անկասելի անցումով, սուր փոխանցումով Լիոնել Մեսիին եւ արգենտինացու գոլով: Մեսին կարիերայի ընթացքում առաջին անգամ է գրավում «Չելսիի» դարպասը (9 խաղում):

Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դեմ վերջին հույսի խախտման համար թուրքական թիմի խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան արդեն 16-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը թվային առավելությունը գոլի վերածեց 43-րդ րոպեին: Աչքի ընկավ գերմանացի Թոմաս Մյուլերը, որը ընդմիջումից հետո խփեց նաեւ իր երկրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին: Մրցակցի դարպասը գրավեց նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը:

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 14-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Չելսի» (Անգլիա) -  «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1

Վիլիան, 62 - Լիոնել Մեսի, 75

«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 5:0

Թոմաս Մյուլեր, 43, 66, Քինգսլի Քոման, 52, Ռոբերտ Լեւանդովսկի, 79, 88

Հեռացում՝  Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), 16



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։