Երեւանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար

20:46   13 փետրվարի, 2018

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մայրաքաղաքում կանցկացնի ակումբային ընկերական միջազգային մրցաշար: Այն կկայանա մարտի 10-15-ը նախկին «Միկա» մարզահամալիրում եւ կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով:

Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Ա լիգայի առաջությունից մրցաշարին կմասնակցի միայն «Ուրարտուն»:

«Այս ընկերական միջազգային մրցաշարը Երեւանի 2800-ամյակին նվիրված մարզական միջոցառումներից միայն մեկն է: Առայժմ նախատեսված է, որ կմասնակցեն չորս թիմեր: Մենք համաձայնության ենք եկել Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի» եւ Թեհրանի «Արարատ» ակումբների հետ: «Գազպրոմ Մոսկովսկին» եւ «Հունդային»  շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ եւ իրենց առաջնությունների առաջատարներն են:  «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան եւ իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում: Նրանց կազմում բավականին երիտասարդ եւ խոստումնալից հայ բասկետբոլիստներ կան:

Հայաստանի Ա լիգայից կմասնակցի «Ուրարտուն»:  Մենք ցանկանում ենք, որ այդ մրցաշարը լինի բարձր որակի, իսկ այսօր Ա լիգայից այդ որակը կարող է ապահովել միայն «Ուրարտուն»:

«Արցախը» նույնպես ցանկանում է մասնակցել, ասացին, որ պետք է ուժեղացնեն կազմը: Մրցաշարի ձեւաչափն այնպիսին է, որ պետք է զույգ թվով թիմեր լինեն, եթե եւս մեկ ակումբի հետ համաձայնության գանք՝ գուցե «Արցախը» եւս մասնակցի:

Այս մրցաշարը մեզ կօգնի հասկանալ Ա լիգայի թիմերի մակարդակը, որակը, արդյո՞ք մրցունակ են Հայաստանից դուրս:

«Ուրարտուն» այս կազմով Ա լիգայում հաղթում է բոլոր թիմերին, հարց է, նրանք կկարողանան մրցել արտասահմանյան թիմերի հետ: Իհարկե, «Ուրարտուն» նույնպես կհամալրվի նոր խաղացողներով: Բայց, պարտությունը ողբերգական չէ, սա ընկերական մրցաշար է: Հույս ունենք, որ մեր մարզասերները կաջակցեն մեզ»,-  ասաց Արա Պողոսյանը:

Մրցաշարը սպասարկելու են հայ մրցավարները: Նրանց հետ աշխատանքներ են տարվում, անցկացվում սեմինարներ՝ որակները բարձրացնելու համար: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։