ՖԻԴԵ-ի նախագահը Երեւանում շախմատ է խաղացել Սերժ Սարգսյանի հետ

13:46   9 փետրվարի, 2018

Հայաստանը ՖԻԴԵ-ի ընտանիքում կրկին առաջինն է, որ հիմնում է շախմատի գիտահետազոտական ինստիտուտ։ Դա շրջադարձային կլինի համաշխարհային շախմատում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շախմատի միջագային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը, որը ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւանում է։

Հայաստանի եւ ՖԻԴԵ-ի նախագահները փետրվարի 9-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ի կառավարության որոշմամբ՝ ՀՊՄՀ Շախմատի հետազոտական կենտրոնի եւ հոգեբանության գիտահետազոռական լաբորատորիայի հիման վրա։

«Այս կենտրոնն աշխարհում առաջինն է, եւ Հայաստանը կրկին առաջինը նախաձեռնեց հիմնել այսպիսի գիտահետազոտական կենտրոն։ 2011 թվականին Հայաստանը ՖԻԴԵ-ի կազմում ընդգրկված 188 երկրներից առաջինն էր, որը շախմատն ընդգրկեց կրթական համակարգ դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա։ Աշխարհի ոչ մի երկրում նման քայլ չէր արվել։ Հայաստանի օրինակին հետեւեցին բազմաթիվ երկրներ։ Համաշխարհային շախմատի ընտանիքում Հայաստանն ամեն ինչով առաջինն է, դուք նաեւ ունեք շախմատի միջազգային ակադեմիա։

Վերջերս գործուղման էի աֆրիկական երկրներում, որտեղ պետք է ներկայացնեի շախմատը դպրոցում ծրագիրը։ Հաճելիորեն զարմացա, երբ Զիմբաբվեի կրթության նախարարը խնդրեց, որ որքան հնարավոր է արագ ստորագրենք համաձայնագիրը՝ թույլ չտալով ավատել ծրագրի մասին մանրամասներ ներկայացնելս: Նա ասաց, որ իրենք եղել են Հայաստանում եւ Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ներկայացրել, պատմել է ծրագրի մասին, եւ որ այժմ իրենք էլ են ցանկանում շախմատը ներառել Զիմբաբվեի դպրոցներում։

Այսօր արդեն Հայաստանը բացում է գիտահետազոտական կենտրոն, որը շրջադարձային կլինի համաշխարհային շախմատում։ Թվում է, թե շախմատում ամեն ինչի հասել էինք, հնադարյա խաղը լիարժեք բացահայտել ենք, բայց շախմատի գիտահետազոտական ինստիտուտ հիմնելը քայլ է դեպի ապագա»,- ասաց Կիրսան Իլյումժինովը։

ՖԻԴԵ-ի նախագահը տեսականորեն ներկայացրեց, թե շախմատն ինչ ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի զարգացման ու անձի ձեւավորման վրա։ Կիրսան Իլյումժինովը լրագրողներին նաեւ պատմեց, որ Հայաստանոմ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են նաեւ շախմատի խաղատախտակի առջեւ, եւ բլից պարտիա անցկացրել։ ՀՀ նախագահը սպիտակ խաղաքարերով հանդես գալու իրավունքը զիջել է ՖԻԴԵ-ի նախագահին, իսկ պարտիան ավարտվել է ոչ ոքի։

Գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությունից հետո տպավորությունների մասին պատմել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

«Շախմատը կրթական համակարգի կարեւոր գործոններից մեկն է։ Աշխարհում նույնպես սկսել են գիտակցել դա եւ մեծ ուշադրություն դարձնել այդ ուղղությամբ։ Այս ժամանակաշրջանում, երբ թվային տեխնոլոգիաները երեխաների փոխարեն արդեն նաեւ մտածում են, իսկ երեխաներին մնում է միայն սեղմել կոճակները, շախմատ խաղալով երեխան հնարավորություն կունենա մտածել, ստեղծագործել եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ պայքարել։ Այս գիտահետազոտական ինստիտուտը կլինի մեծ բարիք ամբողջ աշխարհի համար։ Այս ինստիտուտի հիմնադրումով Հայաստանը եւս մեկ քայլով կփորձի օգտակար լինել ամբողջ աշխարհի հասարակության մտածելակերպին կամ մոտեցումներին կրթական համակարգում»,- ասաց Սմբատ Լպուտյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։