Վենգեր. Մխիթարյանն ու Օբամեյանգը արագ են եւ շատ կտրուկ են շարժվում

00:48   4 փետրվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դրական է արտահայտվել թիմի նորեկներ, Դորտմունդի «Բորուսիայում» միասին հանդես եկած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:

«Մխիթարյանի եւ Օբամեյանգի մասին որեւէ բան ասելու համար դեռ վաղ է: Բայց կարծում եմ՝ նրանք ունեն այն որակները, որոնք թույլ կտան համապատասխան լինել այն խաղին, որը մենք ցանկանում ենք ցուցադրել: Նրանք արագ խաղացողներ են, շատ կտրուկ են շարժվում եւ գնդակով շարժուն են: Դրանք լավ ու դրական որակներ են:

«Էվերտոնի» դեմ մենք ավելի շատ անցումներ ունեցանք, «Սուոնսիի» դեմ նախորդ հանդիպման համեմատ ավելի սուր եւ արագ խաղ ցուցադրեցինք: Սա «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի կրկնությունն էր, երբ առաջին 20 րոպեում հաղթում էինք 4:0 հաշվով: Կարծում եմ՝ մենք շատ լավ արագություն ունեինք, նաեւ գերազանց էին գրոհների եզրափակիչ հատվածները:

Լյակազեթը պահեստայինների նստարանին էր, բայց ես գոհ եմ նրանից: Մենք չէինք կարող Սանչեսին, Ժիրուին եւ Ուոլքոթին վաճառելուց հետո որեւէ մեկին չգնել: Օբամեյանգը չի կարող խաղալ Եվրոպայի լիգայում, եւ Լյակազեթը կստանա խաղաժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» տանը «էվերտոնին» հաղթել է 5:1 հաշվով, Մխիթարյանը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ, Օբամեյանգը նորամուտը նշել է գոլով: Երկուսն էլ առաջին անգամ էին «Արսենալի» մեկնարկային կազմում եւ խաղացին առանց փոխարինման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։