Լեւոն Ջուլֆալակյան. Հայաստանի առաջնությանը չի մասնակցի միայն Արթուր Ալեքսանյանը

15:59   25 հունվարի, 2018

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատմել է, որ առաջնությանը մասնակցելու են բոլոր ըմբիշները՝ բացառությամբ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի:

«Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին:

Միանշանակ, շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձեւը սումոյի էր նմանվել: Ոչ միայն մեր, այլեւ մյուս բոլոր բարձրակարգ ըմբիշների համար այդ դրության վերադարձը կարեւոր էր:

Հունվարից ուժի մեջ են մտել նոր կանոնները, եւ մենք էլ Հայաստանի առաջնությունը հենց այդ կանոններով ենք անցկացնելու, այսինքն՝ կշռման արարողություն եւ մրցում նույն օրը: Նոր կանոնների մեջ շատ հարցեր ու բացեր կան: Թերությունները շատ են: Օրինակ ըմբիշին տալիս են նկատողություն, մրցակցի օգտին գրանցվում է 1 միավոր, եւ դա էլ բավական չէ, կանոնները խախտողին ծնկած դրություն են նստացնում: Բայց քանի որ այս օրենքները դեռեւս մշակման փուլ են անցնում եւ հիմա դրանք ավելի շատ փորձնական են, հույս ունենք, որ կշտկվեն»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում եւ կմեկնարկի ժամը 10:30-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։