15:20 24 հունվարի, 2018Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարում կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:
Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 24-ին տեղի ունեցավ նորաստեղծ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված Հայաստանի հավաքականը հայտնվեց չորրորդ խմբում:
Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:
Ազգերի լիգա, D դիվիզիոն
Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:
Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:
Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:
Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:
ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չէին կարող հայտնվել նույն ենթախմբերում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:
Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:
Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.