Զիդանը «Ռեալի» երկրպագուներին կոչ է արել չսուլել Բենզեմային

09:11   24 հունվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Լեգանեսի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ աջակցել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային: «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի տնային խաղում (7:1) Արքայական ակումբի ֆանատները սուլել էին Բենզեմային:

«Բենզեման ցանկանում էր հնարավորինս շուտ վերադառնալ դաշտ, եւ հիմա նա դարձյալ թիմի հետ է: Միակ բանը, որը հաճույք է պարգեւում նրան, դա թիմի հետ դաշտ դուրս գալն է, այդ պատճառով նա վերադարձավ: Սակայն հաճելի չէ տեսնել, թե ինչպես են նրան սուլում վերադարձից հետո: Նման բան եղավ նրա հետ եւ կարող է տեղի ունենալ նաեւ մյուսների հետ: Ինչ է մեզ, իրոք, անհրաժեշտ, որ երկրպագուները լինեն մեր կողքին: Իհարկե, նրանք ունեն իրենց կարծիքը: Նրանք տոմս են գնել եւ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, սակայն ես ցանկանում եմ, որ երկրպագուները մեր կողքին լինեն 90 րոպեի ընթացքում: «Լեգանեսի» դեմ խաղում Քարիմը կարող է դուրս գալ խաղադաշտ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» «Լեգանեսին» հաղթել է նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 24-ին Մադրիդում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 00:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։