Մարիա Կուրսովա. Հայաստանի առաջնությունում ընթանում էր շատ լարված պայքար

21:05   23 հունվարի, 2018

Թվում է, թե ինձ հեշտ տրվեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, բայց դժվար ու լարված պայքարում կարողացա հասնել հաղթանակի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի 73-րդ առաջնության չեմպիոն Մարիա Կուրսովան: Կանանց Հայաստանի հավաքականի շախմատիստը հաղթողի կոչումն ապահովել էր առաջնության ավարտից մեկ տուր:

«Շատ գոհ իմ մասնակցությունից, լավ ստացվեցին այս առաջնությունում իմ պարտիաները: Ինչպես առաջնության յուրաքանչյուր մասնակից, ես նույնպես ի սկզբանե խաղում էի հաղթանակի համար: Մեկնարկեցի չեմպիոնի կոչումը նվաճելու տրամադրվածությամբ, եւ հաղթանակն այդ տեսանկյունից սպասված էր: Բայց նաեւ գիտակցում էի, որ հնարավոր է ամեն բան փոխվի տուրերի ընթացքում, քանի որ շատ լարված պայքար էր ընթանում: Այս առաջնությունում բոլորն էլ շատ լավ էին պատրաստված եւ գրեթե բոլորը չեմպիոնի հավակնորդ էին: Շատ ուժեղ էին Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գեւորգյանը եւ Աննա Սարգսյանը: Նրանց հետ պարտիաները շատ լարված ստացվեցին: Առաջին հայացքից չեմպիոնի կոչումն ինձ հեշտ տրվեց, բայց, իրականում, շատ ճնշող խաղեր էին ընթանում: Միայն վերջին տուրերում փոքր-ինչ հանգստություն ունեի, քանի որ հաղթանակն արդեն ապահովել էի ինձ համար առավել միավորներով: Այս տարվա առաջնությունը շատ բարձր մակարդակով անցկացվեց, մրցակցությունը մեծ էր եւ այդ մրցակցության մեջ ավելի հետաքրքիր էր խաղալը»,- ասաց Մարիա Կուրսովան:

Հիշեցնենք, որ Մարիա Կուրսովան 9 տուրերում վաստակել էր 7.5 միավոր: Երկրորդ տեղը գրաված Սիրանուշ Ղուկասյանը հավաքել էր 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալը բաժին է հասել Լիլիթ Գալոյանին:

Մարիա Կուրսովան կանանց Հայաստանի չեմպիոն դարձավ երկրորդ անգամ՝ կրկնելով 2011 թվականի հաջողությունը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։