Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Արսենալի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

18:10   23 հունվարի, 2018

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Լոնդոնի «Արսենալի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Express-ի համաձայն՝ անգլիական ակումբում 29-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 180 հազար ֆունտ ստերլինգ: Մխիթարյանից շատ «Արսենալում» վարձատրվում է միայն ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, որը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը (շաբաթական 140 հազար ֆունտ):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ: Հունվարի 22-ին նա երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։